Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1989 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 2 մայիսի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ Ի. Զաքարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` Դոպինգի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ի. Զաքարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Դոպինգի դեմ կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում` սպորտում դոպինգի օգտագործումը կրճատելու, իսկ հետագայում իսպառ վերացնելու նպատակով:

2. Կոնվենցիայով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- համակարգել այն կառավարական մարմինների և հասարակական կազմակերպությունների քաղաքականությունը և գործունեությունը, որոնք շահագրգռված են սպորտում դոպինգի դեմ պայքարով,

- ընդունել արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգային մեթոդների մատչելիությունը և օգտագործումը սահմանափակող օրենքներ, կանոններ և վարչական միջոցներ,

- աջակցել մարզական կազմակերպություններին ուղղակի հատկացումներով կամ սուբսիդիաներով ֆինանսավորելու հակադոպինգային վերահսկումը և անալիզները,

- աջակցել մարզական կազմակերպությունների կողմից այն դոպինգ վերահսկման իրականացմանը, որը պահանջել են իրավասու միջազգային կազմակերպությունները,

- խրախուսել և դյուրացնել մարզական կազմակերպությունների կողմից այն համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս իրենց անդամներին ստուգման ենթարկվել այլ երկրներում` պատշաճ լիազորված հակադոպինգային վերահսկման խմբերի կողմից,

- ստեղծել հակադոպինգային ստուգման լաբորատորիաներ կամ աջակցել դրանց ստեղծմանը,

- խրախուսել և զարգացնել ֆիզիոլոգիական և հոգեբանական ծրագրերի մշակմանն ուղղված հետազոտությունների անցկացումը:

Նախատեսվում են նաև դաստիարակչական հարցերով, տեղեկատվության տրամադրման, միջազգային համագործակցության այլ պարտավորություններ:

Կոնվենցիայով սահմանվում են նաև մոնիտորինգային խմբի կազմավորման և գործունեության, կոնվենցիայում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, կոնվենցիայից հրաժարվելու կարգն ու պայմանները:

Կոնվենցիան ունի հավելված, որում տրվում է արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգ մեթոդների նոր տեղեկատու ցանկը:

3. Կոնվենցիան նպատակ ունի միավորել միջազգային հանրության ջանքերը սպորտում դոպինգի օգտագործման դեմ պայքարում: Այն բխում է Օլիմպիական խարտիայում, Սպորտի միջազգային խարտիայում և սպորտին վերաբերող այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված բարոյական սկզբունքներից և կրթական արժեքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` Դոպինգի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

2 մայիսի 2001 թվականի

ՍԴՈ-297

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։