«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 օգոստոսի 2008 թ. թիվ 252-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2008 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Պելե» արծաթե հուշադրամը:
2. 2008 թվականի նոյեմբերի 10-ից շրջանառության մեջ դնել «Ազգային դրամի 15 տարին» արծաթե հուշադրամը:
3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2008 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի օգոստոսի 26-ի
թիվ 252-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՊԵԼԵ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ
1.1) «ՊԵԼԵ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Պելե» արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2008»:
Հուշադրամի դարձերեսին Բրազիլիայի դրոշի գունային ֆոնի վրա տեղադրված է Պելեի լուսանկարը, որի ներքևի մասում Պելեի ստորագրությունն է: Դարձերեսի ձախ կողմում տեղադրված է ֆուտբոլի գնդակ, իսկ վերևի մասում «PELE» գրառումն է:
Հուշադրամը՝ իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կլոր կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925.0 ± 5.0
Զանգվածը 28,28 ± 0,25 գ
Տրամագիծը 38,61 ± 0,15 մմ
Ձևը կլոր
Որակը պրուֆ
Ձևավորումը դրոշմատպագրություն դարձերեսին
Դրամաշուրթը հարթ
Տպաքանակը մինչև 200.000 հատ
1.2) «ՊԵԼԵ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2.1) «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանում ազգային դրամի ներդրման 15-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ արտաքին նեղ շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2008» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդանշանը, որի մեջտեղի մասում տեղադրված է դրամի գրանշանը, իսկ ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Արտաքին շրջանակում «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» մակագրությունն է:
Հուշադրամը՝ իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ավստրիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 925.0, առանձին հատվածները ոսկեզօծ
Զանգվածը 168,1 +/- 3,0 գ
Տրամագիծը 63,0 +/- 0,1 մմ
Ձևը կլոր
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Որակը լավացված
Տպաքանակը 500 հատ
2.2) «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը