Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների:
2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նոտարական գործունեության վրա:
3. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով.
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները.
գ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին` գերազանցում է մեկ մլն դրամը.
դ) տվյալ տարվա հունվարի 1-ին 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.
ե) բանկերը, գրավատները, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության, իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).
զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.
է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները.
ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.
թ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առևտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
ժ) այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:
4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները (բացառությամբ` վերակազմավորման դեպքերի) և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:
4.1. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-284, փոփ., լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-483-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-182-Ն, 24.12.04 ՀՕ-54-Ն)