Հոդված 24. ՀԱՐԿԵՐԸ
Հոդված 24. ՀԱՐԿԵՐԸ
1. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետևանքով առաջացած այն հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր վճարների (ներառյալ դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները), մաքսատուրքերի, տուրքերի գծով պարտավորություններից, որոնք ստուգում իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մասնավորեցման պահից հետո:
2. ԷԲ ընկերություններն ազատվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքների մասով առաջացող շահութահարկի, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքի արդյունքում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի` այդ գործարքների գծով հաշվանցման (պակասեցման) ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող մասով ավելացված արժեքի հարկի պարտավորությունից:
3. Բաժնետոմսերի վաճառքի դիմաց ստացված գումարի հաշվին ԷԲ ընկերությունների պարտավորությունների` սույն օրենքով սահմանված կարգով բավարարումը շահութահարկի հաշվարկման նպատակով ԷԲ ընկերության համար եկամուտ չի համարվում:
4. Այն ընկերությունները, որոնց սույն օրենքին համապատասխան փոխանցվել են ԷԲ ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, ազատվում են այդ գործարքների արդյունքում առաջացող հարկային պարտավորություններից:
5. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահի դրությամբ դրանց հաշվեկշիռներում չարտացոլված նյութական և ոչ նյութական ակտիվները մասնավորեցման պահից հետո իրականացված գույքագրումների արդյունքում երկու տարվա ընթացքում հաշվեկշիռ մուտքագրելու հետևանքով առաջացող շահութահարկից:
6. ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում առաջացող առևտրային կորուստները շահութահարկի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր տարի նվազեցվում են ընկերությունների համախառն եկամտից` Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից տվյալ տարվա համար սակագնում ներառված չափով:
7. Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2001 թվականին, ապա ԷԲ ընկերությունների` 2001 թվականի տնտեսական գործունեությունից շահութահարկի գումարը հավասար է 2000 թվականի տարեկան գործունեությունից հաշվարկված շահութահարկին: Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2002 թվականին, ապա ԷԲ ընկերություններն ազատվում են 2002 թվականի տնտեսական գործունեության մասով 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակաշրջանի համար պետական եկամուտների նախարարության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ սահմանած կարգով հաշվարկված շահութահարկի պարտավորությունից: