Հոդված 67
Հոդված 67
«Լիցենզիա տալու կամ դրա տալը մերժելու մասին որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է դիմողին որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:»
Դ. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002թ. հունվարի 24-ի որոշում N 4 Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին
61. Մրցույթի կարգի համապատասխան հոդվածները խնդրո առարկա ժամանակահատվածում գործող խմբագրությամբ սահմանում են.
«18. Ըստ դիմումները քննարկելու հերթականության Հանձնաժողովը անցկացնում է բաց վարկանիշային քվեարկություն: Լավագույն կազմակերպությունն ընտրվում է վարկանիշային քվեարկության արդյունքներով:
19. Հանձնաժողովը որոշում է ընդունում լավագույն կազմակերպությանը հաղթող ճանաչելու և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա տալու մասին:
20. ...Հանձնաժողովը որոշումը հրապարակում է այն ընդունելուց անմիջապես հետո:
...
22. Հանձնաժողովի որոշման պատճենը տասնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:»
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Նախարարների Կոմիտեի հանձնարարական թիվ (2000)23
62. 2000թ. դեկտեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն անդամ-երկրների համար ընդունեց հեռարձակման բնագավառում կարգավորող մարմինների անկախության և գործունեության վերաբերյալ թիվ (2000) 23 հանձնարարականը, որում անդամ-երկրներին, inter alia, խորհուրդ էր տրվում «նախատեսել իրենց օրենսդրությունների մեջ այնպիսի դրույթներ և քաղաքականության մեջ ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան հեռարձակման բնագավառում կարգավորող մարմիններին օժտել այնպիսի իրավազորությամբ, որը հնարավորություն կտար նրանց արդյունավետորեն, անկախ և թափանցիկ կերպով իրականացնել ներպետական օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթը` սույն հանձնարարականի հավելվածում զետեղված ուղենիշներին համապատասխան»:
63. Հանձնարարականին կից ուղենիշների համապատասխան դրույթները սահմանում են.
«…
3. Հեռարձակման բնագավառում կարգավորող մարմնի գործունեության կանոնները` մասնավորապես այդ մարմնին անդամակցելը, նրա գործունեության անկախության հիմնասյունն են: Ուստի դրանք պետք է սահմանված լինեն այնպես, որ իրեն պաշտպանեն ցանկացած միջամտությունից` մասնավորապես քաղաքական ուժերի կամ տնտեսական շահերի կողմից:
4. Այս նպատակով անհամապատասխանությունների առնչությամբ հատուկ կանոններ պետք է նախատեսվեն խուսափելու համար, որ՝
-Կարգավորող մարմինը գտնվի քաղաքական ուժի ազդեցության տակ,
- Կարգավորող մարմնի անդամներն իրականացնեն գործառույթներ կամ շահեր հետապնդեն ձեռնարկություններում կամ լրատվության կամ հարակից բնագավառներում գործող այլ կազմակերպություններում, ինչը կարող է հանգեցնել շահերի բախման կապված կարգավորող մարմնի անդամ հանդիսանալու հետ:
5. Ավելին, կանոնները պետք է երաշխավորեն, որ այս մարմնի անդամները՝
- նշանակվեն ժողովրդավարական և թափանցիկ եղանակով,
- չեն կարող լիազորություններ կամ հրահանգներ ստանալ այլ անձից կամ մարմնից,
- չանեն այնպիսի հայտարարություն կամ կատարեն այնպիսի գործողություն, որը կարող է վնաս հասցնել իրենց գործառույթների իրականացման անկախությանը և չչարաշահեն դրանք:
…
13. Հեռարձակման բնագավառի կարգավորող մարմնի կարևորագույն գործառույթներից մեկը որպես կանոն հեռարձակման արտոնագրի շնորհումն է: Հեռարձակման արտոնագրի շնորհման և երկարացման ընթացակարգի համար սահմանված հիմնական պայմանները և չափանիշները պետք է հստակորեն սահմանված լինեն օրենքով:
14. Հեռարձակման բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կանոնակարգող նորմերը պետք է լինեն պարզ, հստակ սահմանված և պետք է կիրառվեն բաց, թափանցիկ և անկողմնակալ ձևով: Կարգավորող մարմնի որոշումները պետք է լինեն բավարար չափով հրապարակային:
…
27. Կարգավորող մարմնի կայացրած բոլոր որոշումները և ընդունված կանոնները պետք է՝
- պատշաճ կերպով հիմնավորված լինեն` համապատասխան ներպետական օրենսդրությանը,
- լինեն վերանայման ենթակա իրավասու դատական ատյանների կողմից` ներպետական օրենսդրությանը համապատասխան
- մատչելի լինեն հանրությանը:»
Բ. Նախարարների կոմիտեի` հեռարձակման բնագավառում կարգավորող մարմինների անկախության և գործունեության վերաբերյալ հռչակագիր (ընդունված Նախարարների Կոմիտեի կողմից 2008թ. մարտի 26-ին նախարարների տեղակալների 1022-րդ նստաշրջանի ժամանակ)
64. Հռչակագրի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
«13. Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրների մեծամասնությունում կարգավորող մարմինը նշանակվում է ազգային ժողովի կողմից կամ երկրի ղեկավարի կողմից ազգային ժողովի ներկայացմամբ: Որոշ անդամ-երկրներում, որպեսզի կարգավորող մարմինն արտացոլի երկրի սոցիալական և քաղաքական բազմազանությունը, անդամների մի մասին կամ բոլորին առաջադրում են կառավարության մաս չկազմող խմբերը, որոնք համարվում են հասարակության ներկայացուցիչ: Ավելին, մի քանի անդամ-երկրներում կարգավորող մարմնի նշանակման համար օրենքով նախատեսված են նշանակման օբյեկտիվ չափանիշներ:
Դրան հակառակ, մի շարք երկրներում անդամները նշանակվում են մեկ մարմնի միանձնյա որոշման հիման վրա օրինակ` պետության ղեկավարի կամ կառավարության կողմից հաճախ առանց հստակորեն սահմանված ընտրության չափանիշների: Կարգավորող մարմնի անդամների նշանակումը պետության ղեկավարի և/կամ կառավարության կողմից որոշ դեպքերում քննադատվել է` առաջ քաշելով այն հարցը, որ նման դեպքերում անդամությունը կներկայացնի կամ կարտացոլի քաղաքական իշխանության կառուցվածքը:
14. Մտավախություններ են հաճախ արտահայտվել այն առումով, որ անդամներին առաջադրող կամ նշանակող մարմինները կարող են ճնշում գործադրել անդամների վրա նրանց նշանակումից հետո: Իրականում որոշ անդամ-երկրներում կառավարման մարմնի անդամները հաճախ են մեղադրվում այն բանի համար, որ իրենք գործում են այն պետական մարմնի անունից, որն իրենց նշանակել է կամ այն քաղաքական միավորման անունից, որին սատարում է իրեն նշանակող կամ հաստատող մարմինը:»
Գ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1361 (2004)[1] բանաձևը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին
65. ԵԽԽՎ այս բանաձևի 19-րդ պարբերությունը սահմանում է.
«Ինչ վերաբերում է ազատ արտահայտվելու իրավունքին և լրատվամիջոցների բազմակարծության խնդրին, ապա Վեհաժողովը մտահոգված է Հայաստանում լսատեսողական լրատվամիջոցների ոլորտում տեղի ունեցող զարգացումների շուրջ և լուրջ կասկածներ է արտահայտում նաև էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծ լինելու վերաբերյալ՝ մասնավորապես ափսոսալով, որ գործող օրենքի անհստակության հետևանքով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին բացահայտ ինքնահայեցողական լիազորություններ են տրված հեռարձակման թույլտվությունների տրամադրման ոլորտում, հատկապես Ա1+ հեռուստատեսային ալիքի կապակցությամբ: Այնուհանդերձ, Վեհաժողովը նկատի է առնում 2003թ. դեկտեմբերին «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և «Ռադիոյի ու հեռուստատեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումը:»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԵՐԿՐՈՐԴ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԶՈՀԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
66. Դատարանն առաջին հերթին կարևոր է համարում որոշել երկրորդ դիմումատուի զոհի կարգավիճակի հարցը: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածում օգտագործվող «զոհ» եզրույթը նշանակում է անձ, որն անմիջականորեն տուժել է խնդրո առարկա գործողությունից կամ անգործությունից (տե՜ս այլոց շարքում Վատան ընդդեմ Ռուսաստանի (Vatan v. Russia), թիվ 47978/99, պարբ. 48, 7 հոկտեմբեր 2004թ.): Դատարանն այնուհետև կրկնում է, որ անձը չի կարող իր իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ ներկայացնել, եթե նա չի հանդիսանում դատավարության կողմ նույնիսկ այն դեպքում, երբ նա դատավարության կողմ հանդիսացող ընկերության բաժնետեր է և/կամ այդ ընկերության գործադիր տնօրեն (տե՜ս այլոց շարքում Ֆ. Սանտոս և Ֆաչադան ընդդեմ Պորտուգալիայի (F. Santos Lda. and Fachadas v. Portugal) (որոշում), թիվ 49020/99, 19 սեպտեմբեր 2000թ. և Նոսովն ընդդեմ Ռուսաստանի (Nosov v. Russia) (որոշում), թիվ 30877/02, 20 հոկտեմբեր 2005թ.): Բացի այդ, որոշակի հանգամանքներում ընկերության միակ սեփականատերը կարող է պնդել, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով «զոհ է» իր ընկերության նկատմամբ կիրառված վիճարկվող միջոցների առնչությամբ (տե՜ս այլոց շարքում, Անկարկրոնան ընդդեմ Շվեդիայի (Ankarcrona v. Sweden) (որոշում), թիվ 35178/97, 27 հունիս 2000թ., և Գլաս Նադեժդան և Անատոլիյ Ելենկովն ընդդեմ Բուլղարիայի (Glas Nadezhda EOOD and Anatoliy Elenkov v. Bulgaria), թիվ 14134/02, պարբ. 40, ECHR 2007-...). երբ այս հանգամանքն առկա չէ, ընկերության իրավասուբյեկտության անտեսումը կարող է արդարացված լինել միայն բացառիկ հանգամանքներում` մասնավորապես, երբ հստակ է, որ ընկերությունը չի կարող դիմել Կոնվենցիոն ինստիտուտներին իր կանոնադրությամբ ստեղծված մարմինների միջոցով կամ լուծարման պարագայում` լուծարային կառավարչի միջոցով (տե՜ս Ագրոտեքսիմը և այլոք ընդդեմ Հունաստանի (Agrotexim and Others v. Greece), 1995թ. հոկտեմբերի 24-ի վճիռը, Շարք Ա թի. 330, էջ 25, պարբ. 66, ՍիԴիԱյ Հոլդինգն ու այլոք ընդդեմ Սլովակիայի (CDI Holding Aktiengesellschaft and Others v. Slovakia) (որոշում), թիվ 37398/97, 18 հոկտեմբեր 2001թ. և Ամաթ-Գ ՍՊԸ-ն և Մեբաղիշվիլին ընդդեմ Վրաստանի (Amat-G Ltd and Mebaghishvili v. Georgia), թիվ 2507/03, պարբ. 33, ECHR 2005-...):
67. Դատարանն ի սկզբանե նշում է, որ նման բացառիկ հանգամանքներ սույն գործով չեն հաստատվել (տե՜ս դրան հակառակ Գ. Ի.-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի (G.J. v. Luxembourg), թիվ 21156/93, պարբ. 24, 26 հոկտեմբեր 2000թ.): Դատարանն այնուհետև նշում է, որ երկրորդ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր այն հանգամանքը, որ նա իրականում հանդիսանում է դիմումատու ընկերության բաժնետեր և առավել ևս` ընկերության միակ սեփականատեր: Նա նույնիսկ իր անունից չի ներկայացրել գանգատի վերաբերյալ որևէ հիմնավորում: Դատարանի տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը փաստում են, սակայն, որ դիմումատու ընկերությունը որպես իրավաբանական անձ միայնակ է հանդես եկել, դիմել արտոնագիր ստանալու համար և մերժում ստացել, ինչպես նաև հետագայում համապատասխան դատաքննություններում հանդես եկել որպես դատավարության կողմ: Ներպետական դատարանների և ՀՌԱՀ-ի կայացրած բոլոր որոշումները վերաբերում էին դիմումատու ընկերությանը, այլ ոչ երկրորդ դիմումատուին, որը նույնիսկ չէր ներկայացնում դիմումատու ընկերությունը ներպետական դատավարության ընթացքում: Հետևաբար, բոլոր նյութերը ցույց են տալիս, որ արտոնագրի տրամադրման մերժումը և հետագա դատաքննությունները ուղղակիորեն ազդել են միայն դիմումատու ընկերության շահերի վրա և Դատարանին չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը նրան թույլ կտար երկրորդ դիմումատուին որպես «զոհ» դիտարկել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
68. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ գանգատը երկրորդ դիմումատուի մասով ratione personae չի համապատասխանում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
69. Ուստի Դատարանը կսահմանափակվի դիմումի մեջ բարձրացված այն գանգատների ուսումնասիրությամբ, որոնք վերաբերում են դիմումատու ընկերությանը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
70. Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ հեռարձակման արտոնագրի մերժումը հանգեցրել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի ազատության խախտմանը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանում է`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և կարծելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
Ա. Ընդունելիություն
71. Դատարանը նշում է, որ սույն բողոքն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանը նաև նշում է, որ բողոքն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է ճանաչել ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
1. Արդյոք եղել է միջամտություն դիմումատու ընկերության տեղեկություններ և գաղափարներ տարածելու ազատությանը
72. Կառավարությունը պնդել է, որ դիմումատու ընկերության` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին միջամտություն չի եղել: Հեռարձակման արտոնագիր տրվել է մրցույթ հայտարարելուց հետո ներկայացված հայտերի համեմատման արդյունքում: Անհաջողակ դիմողներին ոչ թե մերժվել է արտոնագրի տրամադրումը, այլ նրանք պարզապես չեն ճանաչվել մրցույթի հաղթող. հենց դա էլ տեղի է ունեցել դիմումատու ընկերության պարագայում: ՀՌԱՀ-ը չի կայացրել դիմումատու ընկերությանը արտոնագիր տրամադրելը մերժելու որևէ որոշում, այն պարզապես հրապարակել է մրցույթի հաղթողին:
73. Դիմումատու ընկերությունը նշել է, որ թե՜ անհատական դիմողներին, թե՜ մրցութային ընթացակարգի արդյունքում մասնակիցներին արտոնագիր չտրամադրելու որոշումը հանդիսացել է արտոնագրի տրամադրման մերժում: Հետևաբար, մրցույթի հաղթողին հայտարարելը հանդիսացել է բոլոր մյուս հայտեր ներկայացնողներին արտոնագրի տրամադրման մերժում:
74. Դատարանը գտնում է, որ չկա էական տարբերություն անհատական դիմողներին հեռարձակման արտոնագիրը մերժելու և մրցույթը չհաղթելու արդյունքում արտոնագիր ձեռք չբերելու միջև: Դիմումատու ընկերությանը նրա մասնակցած մրցույթի հաղթող չճանաչելով` ՀՌԱՀ-ը փաստացի մերժել է դիմումատու ընկերության արտոնագիր ստանալու հայտերը: Նմանատիպ մերժումները հանդիսացել են միջամտություն դիմումատու ընկերության` տեղեկատվության և գաղափարներ տարածելու ազատությանը (տե՜ս Գրաուզոն ընդդեմ Լեհաստանի (Grauso v. Poland), թիվ 27388/05, 1997թ. ապրիլի 9-ի Հանձնաժողովի որոշումը, չհրապարակված, ինչպես նաև, mutatis mutandis, Վերեին Ալտերնատիվես Լոքալրադիո Բեռնը և Վերեին Ռադիո Դրեյեկլենդ Բազելն ընդդեմ Շվեյցարիայի (Verein Alternatives Lokalradio Bern and Verein Radio Dreyeckland Basel v. Switzerland), թիվ 10746/84, 1986թ. հոկտեմբերի 16-ի Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և հաշվետվություններ 49, էջ 126, Ինֆորմատիոնսվերեին Լենտիան և այլոք ընդդեմ Ավստրիայի (Informationsverein Lentia and Others v. Austria), 1993թ. նոյեմբերի 24-ի վճիռը, Շարք A թիվ 276, էջ 13, պարբ. 27, Բրուկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Brook v. the Սnited Kingdom), թիվ 38218/97, 2000թ. հուլիսի 11-ի որոշումը, Միացյալ քրիստոնյա հեռարձակողներ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (U nited Christian Broadcasters Ltd v. the United Kingdom) թիվ 44802/98, 2000թ. նոյեմբերի 7-ի որոշումը և Դեմութն ընդդեմ Շվեյցարիայի (Demuth v. Switzerland), թիվ 38743/97, պարբ. 30, ECHR 2002-IX):
75. Հետևաբար պետք է պարզել, թե արդյոք նման միջամտությունները «նախատեսված են օրենքով», հետապնդել են 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությամբ կամ 2-րդ մասով ամրագրված օրինական մեկ կամ մի քանի նպատակներ և «անհրաժեշտ են եղել ժողովրդավարական հասարակությունում»:
76. Այսպիսով, Դատարանը նկատի կունենա, որ 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության համաձայն պետություններին թույլ է տրվում արտոնագրման համակարգի միջոցով կարգավորել իրենց տարածքում հեռարձակման կազմակերպման եղանակը մասնավորապես` վերջինիս տեխնիկական կողմերը: Արտոնագրի տրամադրումը կարող է պայմանավորված լինել նաև այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են առաջարկվող ալիքի բնույթն ու նպատակները, նրա հավանական լսարանը ազգային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակում, կոնկրետ լսարանի իրավունքներն ու կարիքները և միջազգային-իրավական փաստաթղթերից ծագող պարտավորությունները: Դա կարող է հանգեցնել միջամտությունների, որոնց նպատակները կարող են իրավաչափ լինել 1-ին մասի 3-րդ նախադասության իմաստով` թեև կարող են չհամապատասխանել 2-րդ մասում շարադրված նպատակներից ոչ մեկին: Այնուամենայնիվ, նման միջամտությունների համապատասխանության հարցը պետք է գնահատվի 2-րդ պարբերության լույսի ներքո (տե՜ս Միացյալ քրիստոնյա հեռարձակողներ ՍՊԸ (United Christian Broadcasters Ltd) և Դեմութ (Demuth), պարբ. 33, նշված վերը):
2. Արդյոք միջամտություններն արդարացված էին
(ա) Կողմերի փաստարկները
77. Կառավարությունը պնդել է, որ հեռարձակման արտոնագիր տրամադրելու չափանիշները սահմանված են եղել օրենքով: Մրցույթի հաղթող է ճանաչվել այն հայտ ներկայացնողը, որը ստացել է ամենաշատ միավորները այս չափանիշների գնահատումից հետո: Այսպիսով, դիմումատու ընկերությունը տեղեկացվել է քննարկվող մրցույթում չհաղթելու պատճառների մասին, քանի որ տեղյակ է եղել, որ հավաքել է ավելի քիչ միավորներ, քան մյուս մասնակիցները և չի ճանաչվել հաղթող: Ավելին` դիմումատու ընկերության ներկայացուցիչը ներկա է գտնվել ՀՌԱՀ-ի անցկացրած մրցույթի բոլոր փուլերին, որոնք հրապարակային էին, ներառյալ երբ ներկայացվել են մի քանի մրցակից հայտեր և երբ անցկացվել են վարկանիշային քվեարկություններ: Սա ցույց է տալիս, որ դիմումատու ընկերությունն ուներ հեռարձակման արտոնագիր տրամադրելը մերժելու հիմքերին տեղեկացված լինելու հնարավորություն:
78. Դիմումատու ընկերությունը պնդել է, որ օրենքի համաձայն ՀՌԱՀ-ը պարտավոր է եղել տեղեկացնել իրեն արտոնագիր տրամադրելը մերժելու պատճառների մասին: Կազմակերպության ներկայացուցչի սոսկ ներկայությունը մրցակից հայտերի հրապարակման և վարկանիշային քվեարկության ժամանակ, որն առավել ևս ցույց է տվել միայն վերջնական արդյունքները, չի հանդիսացել պատճառաբանված որոշման պատշաճ հանձնում: ՀՌԱՀ-ի` մրցույթի արդյունքները հայտարարող նամակները նույնպես չեն կարող ճանաչվել պատճառների տեղեկացում, քանի որ դրանք ոչ թե սահմանել են համապատասխան որոշումների հիմքերը, այլ պարզապես հայտարարել են այդ որոշումների արդյունքները: Մրցակից հայտերի գնահատումը մեկնաբանող որոշումների հիմքերը չհրապարակելով` ՀՌԱՀ-ն անհնարին է դարձրել հեռարձակման արտոնագիր տրամադրելիս իր կողմից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով սահմանված արտոնագրման չափանիշների պահպանման ստուգումը: Այս հանգամանքը արտոնագրման գործընթացը դարձրել է կողմնակալ և օրենքին չհամապատասխանող:
79. Դիմումատու ընկերությունը նաև պնդել է, որ կայացած ժողովրդավարական պետություններում հանրային իշխանության կողմից որոշում կայացնելու թափանցիկությունն ու բաց լինելը առանցքային դեր են խաղում հանրային իշխանության գործունեության վերահսկելիության, նրա հանդեպ հասարակական վստահության և նրա արդարության ապահովման գործում, հատկապես երբ իշխանության այդ մարմինները վճռում են հիմնարար իրավունքներին վերաբերող հարցեր: Պատճառաբանված որոշման բացակայության պարագայում արդարությունը, անկողմնակալությունն ու օրենքին համապատասխանությունը չեն կարող ապացուցվել: Ավելին` պատճառները չհրապարակելը զրկել է անհաջողակ դիմողներին իրենց կողմից ներկայացրած հայտերի չհաղթելու պատճառները ճշտելու և մերժումը վիճարկելու հնարավորությունից: Երբ պետական մարմինը, ինչպիսին ՀՌԱՀ-ն է, ունի իրավազորություն իրավունքների նկատմամբ և իրավասու է կայացնել այդ իրավունքներին միջամտող որոշումներ առանց որոշման հավելյալ պատճառաբանում տրամադրելու, վարկանիշային համակարգը բավարար չէ:
(բ) Դատարանի գնահատականը
80. Դատարանի քննության առաջին քայլը հեռարձակման արտոնագիր տրամադրելու մերժման` 10-րդ հոդվածի իմաստով օրենքով սահմանված լինելը պարզելն է: Համաձայն հաստատված նախադեպային իրավունքի քննարկվող արտահայտությունը, որն օգտագործվում է նաև Կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածներում, ինչպես նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածում օգտագործվող «նախատեսված է օրենքով» արտահայտությունը, ոչ միայն պահանջում են, որպեսզի միջամտությունը քննարկվող հոդվածներում ամրագրված իրավունքներին ունենա որոշակի հիմք ազգային օրենսդրությունում, այլ վերաբերում են նաև այդ օրենքի որակին: Օրենքը պետք է մատչելի լինի շահագրգռված անձանց համար և ունենա բավարար հստակ ձևակերպում, որպեսզի հնարավորություն տա նրանց (անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվության միջոցով) ողջամտության սահմաններում կանխատեսել կոնկրետ գործողության հնարավոր հետևանքները (տե՜ս ի թիվս շատ այլ գործերի Մաեստրին ընդդեմ Իտալիայի (Maestri v. Italy), թիվ 39748/98, պարբ. 30, ECHR 2004-I):
81. Բացի դրանից, ազգային օրենսդրությունը պետք է տրամադրի իրավական պաշտպանության միջոց հանրային իշխանությունների կողմից Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին կողմնակալ միջամտության դեպքում: Հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում գործադիր իշխանությանը օրենսդրությամբ տրամադրվող գործողությունների անսահմանափակ ազատությունը կհակասի Կոնվենցիայում արձանագրված ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկին` իրավունքի գերակայությանը: Հետևաբար, օրենքը ցանկացած դեպքում պետք է պատշաճ հստակությամբ ամրագրի իշխանություններին տրամադրվող նման ազատության սահմանները և դրա իրականացման ձևը` անդրադառնալով քննարկվող միջոցի իրավաչափ նպատակին, որպեսզի անհատին տրամադրի պատշաճ պաշտպանություն կողմնակալ միջամտությունից (տե՜ս Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի (Rotaru v. Romania), թիվ 28341/95, պարբ. …, ECHR 2000-V, Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի (Hasan and Chaush v. Bulgaria), թիվ 30985/96, պարբ. 84, ECHR XI): Ինչ վերաբերում է կոնկրետ արտոնագրման ընթացակարգին, Դատարանը կրկնում է, որ արտոնագրման ընթացքում արտոնագրման չափանիշների կիրառման ձևը պետք է ընձեռի բավարար երաշխիքներ կողմնակալությունը բացառելու համար` ներառյալ արտոնագրող մարմնի կողմից հեռարձակման արտոնագիրը մերժելու որոշման պատշաճ պատճառաբանվածությունը (տե՜ս Գլաս Նադեժդան և Անատոլիյ Ելենկովն ընդդեմ Բուլղարիայի (Glas Nadezhda EOOD and Anatoliy Elenkov v. Bulgaria), նշված վերը, պարբ. 49-51):
82. Անդրադառնալով քննարկվող գործին` Դատարանը նշում է, որ ՀՌԱՀ-ի` այլ ընկերություններին հեռարձակման արտոնագիր տրամադրելու որոշումները հիմնված են եղել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և այլ լրացուցիչ իրավական ակտերի վրա: Վերոնշյալ օրենքի 50-րդ հոդվածը հստակեցնում է այն չափանիշները, որոնց հիման վրա ՀՌԱՀ-ը պետք է կայացնի հեռարձակման արտոնագիր տրամադրելու որոշում: Վերջիններս ներառում են` «սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը», «հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը», «դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները», «աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը»: Թեև քննարկվող չափանիշները բավարար հստակ են, խնդրո առարկա ժամանակահատվածում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը հստակորեն չէր պահանջում, որպեսզի արտոնագրող մարմինն այդ չափանիշները կիրառելիս տրամադրի որևէ բացատրություն: Հետևաբար, արտոնագրող մարմինը` մեր դեպքում ՀՌԱՀ-ը, դիմումատու ընկերությանը չի տրամադրել և ոչ մի բացատրություն հեռարձակման արտոնագիր տրամադրելը պարբերաբար մերժելու համար: Յուրաքանչյուր դեպքում ՀՌԱՀ-ը պարզապես հայտարարել է մրցույթի հաղթողին` ոչ մի բացատրություն չտալով, թե ինչու այս կամ այն ընկերության հայտն ավելի է համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, քան դիմումատու ընկերության հայտը: Թեև ՀՌԱՀ-ը անցկացնում էր հրապարակային լսումներ, նման լսումների ժամանակ չէր հրապարակվում ոչ մի որոշում, որը կներառեր նման արտոնագրի տրամադրման կամ մերժման պատճառները: Մրցակից ընկերությունները պարզապես ներկայացնում էին իրենց հայտերը, որից հետո անցկացվում էր վարկանիշային քվեարկություն առանց որևէ պատճառաբանություն տրամադրելու: Հետևաբար, դիմումատու ընկերությունը և հանրությունը չէին տեղեկացվում, թե ինչի հիման վրա է ՀՌԱՀ-ն իրականացնում հեռարձակման արտոնագրի տրամադրումը մերժելու իր լիազորությունը:
83. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հեռարձակման բնագավառում ընդունված ուղենիշները պահանջում են արտոնագրման ընթացակարգը կարգավորող նորմերի բաց և թափանցիկ կիրառում և հատկապես առաջարկում են, որ «[կ]արգավորող մարմինների կողմից կայացված բոլոր որոշումները... պետք է լինեն...պատշաճ հիմնավորված» (տե՜ս վերևում, պարբ. 63): Դատարանն այնուհետև հաշվի է առնում Հայաստանի վերաբերյալ իր 2004թ. հունվարի 27-ի բանաձևում ԵԽԽՎ-ի կատարած համապատասխան եզրահանգումները, որտեղ վերջինս նշել էր, որ «գործող օրենքի անհստակության հետևանքով [ՀՌԱՀ-ին] բացահայտ ինքնահայեցողական լիազորություններ են տրված» (տե՜ս վերևում, պարբ. 65): Դատարանը գտնում է, որ արտոնագրման այն ընթացակարգը, որով արտոնագրող մարմինը չի պատճառաբանում իր որոշումները, պետական մարմնի կողմից խոսքի ազատության հիմնարար իրավունքին կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում:
84. Դատարանն այդ պատճառով եզրակացնում է, որ դիմումատու ընկերության տեղեկատվություն և գաղափարներ տարածելու ազատության միջամտությունները, մասնավորապես` հեռարձակման արտոնագիր տրամադրելու թվով յոթ մերժումները, չեն բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը: Այս պարագայում անհրաժեշտություն չկա պարզելու, թե արդյոք այս միջամտություններն իրավաչափ նպատակ էին հետապնդում և, եթե այսպես է, արդյոք դրանք հետապնդվող նպատակին համաչափ էին:
85. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
86. Դիմումատու ընկերությունը բողոքում էր, որ տեղի ունեցած երկու դատավարություններում ներպետական դատարանները պատճառաբանված վճիռներ չեն կայացրել: Ավելին` 63-րդ կապուղով հեռարձակման մրցույթի հետ կապված դատավարության շրջանակներում Տնտեսական դատարանը խախտել էր կողմերի հավասարության սկզբունքը: Դիմումատու ընկերությունը հենվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որը համապատասխանաբար սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները…ունի դատարանի կողմից…արդարացի…դատաքննության իրավունք:»:
Ընդունելիություն
1. Պատճառաբանված վճիռ ունենալու իրավունք
87. Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պարտավորեցնում է դատարաններին նշել իրենց վճիռների պատճառները, սակայն այն չի կարող հասկացվել որպես յուրաքանչյուր փաստարկին մանրամասն պատասխան տալու պարտավորություն: Պատճառները նշելու պարտավորության կիրառման սահմանը կարող է տարբեր լինել կապված ակտի բնույթի հետ: Այդպիսով, անհրաժեշտ է հաշվի առնել, inter alia, փաստարկների բազմազանությունը, որոնք դատավարության կողմը կարող է ներկայացնել դատարանին և Պայմանավորվող կողմերի տարբեր մոտեցումները օրենքի դրույթների, սովորութային կանոնների, իրավական կարծիքի և վճիռների ներկայացման և շարադրման վերաբերյալ: Հետևաբար, այն հարցը, թե արդյոք դատարանը թերացել է կատարել պատճառաբանելու իր պարտավորությունը, կարող է որոշվել միայն կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՜ս Հիրո Բալանին ընդդեմ Իսպանիայի (Hiro Balani v. Spain) 1994թ. դեկտեմբերի 9-ի վճիռը, Շարք Ա թիվ 303-B, էջեր 29-30, պարբ. 27): Ավելին, վերաքննիչ բողոքը մերժելիս վերաքննիչ դատարանը կարող է, որպես կանոն, ուղղակիորեն հաստատել ավելի ցածր ատյանի դատարանի որոշման հիմնավորումները (տե՜ս, mutatis mutandis, Հելլեն ընդդեմ Ֆինլանդիայի (Helle v. Finland), 1997թ. դեկտեմբերի 19-ի վճիռը, Reports 1997-VIII, պարբ. 59-60, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcia Ruiz v. Spain) [GC], թիվ 30544/96, պարբ. 26, ECHR 1999-I և Հիրվիսաարին ընդդեմ Ֆինլանդիայի (Hirvisaari v. Finland), թիվ 49684/99, պարբ. 30, 27 սեպտեմբերի 2001):
88. Սույն գործում դիմումատու ընկերությունը պնդում էր, որ վճիռները հիմնավորված չէին, որովհետև Տնտեսական դատարանն ամբողջովին համաձայնել էր ՀՌԱՀ-ի փաստարկների հետ, իսկ Վճռաբեկ դատարանն էլ կրկնել էր Տնտեսական դատարանի եզրահանգումները: Դատարանը նշում է, սակայն, որ համապատասխան վճիռներից երևում է, որ երկու դատավարություններում էլ Տնտեսական դատարանը մանրակրկիտ ուսումնասիրել էր կողմերի և՜ գրավոր և՜ բանավոր փաստարկները: 2004թ. մարտի 23-ի վճիռը պարունակում էր հինգ, իսկ 2004թ. հունվարի 21-ի վճիռը` երկուս ու կես էջ իրավական հիմնավորում առ այն, թե ինչու էին դիմումատու ընկերության գանգատները չհիմնավորված: Այն փաստը, որ Տնտեսական դատարանն իր եզրահանգումներում համաձայնել էր կողմերից մեկի` այս դեպքում ՀՌԱՀ-ի փաստարկների հետ, չի նշանակում, որ այս եզրահանգումները հիմնավորված չէին: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված հիմնավորմանը, ապա դիմումատու ընկերության կողմից բարձրացված փաստարկները գործնականորեն նույնն էին, ինչ որ Տնտեսական դատարանի առջև ներկայացվածները: Ավելին, Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ:
89. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:
2. Կողմերի հավասարություն
90. Դիմումատու ընկերությունը պնդում էր, որ 63-րդ կապուղով հեռարձակման մրցույթի հետ կապված դատավարության շրջանակներում Տնտեսական դատարանը խախտել էր կողմերի հավասարության սկզբունքը, որովհետև այն մերժել էր դիմումատու ընկերության պահանջները և այդպիսով խոչընդոտել էր դիմումատու ընկերությանը իր պնդումը հիմնավորող ապացույցներ ներկայացնել:
91. Դատարանը կրկնում է, որ գործի հանգամանքների համար գործում առկա ապացույցների ունեցած նշանակության գնահատման հարցում ներպետական դատարանները գտնվում են ամենալավ դիրքում: Ավելին, 6-րդ հոդվածը, կրկին որպես ընդհանուր կանոն, նրանց է թողնում գնահատելը, թե արդյոք վկաներ կանչելը նպատակահարմար է (տե՜ս ի թիվս այլոց Վիդալն ընդդեմ Բելգիայի (Vidal v. Belgium), 1992թ. ապրիլի 22-ի վճիռը, Շարք Ա թիվ 235 B, պարբ. 33 և Վիերզբիքին ընդդեմ Լեհաստանի (Wierzbicki v. Poland), թիվ 24541/94, պարբ. 45, 18 հունիս 2002):
92. Սույն գործում դիմումատու ընկերության կողմից ներկայացված պահանջներն ուսումնասիրվել էին Տնտեսական դատարանի կողմից և տրվել էին դրանց մերժման հիմնավորումներ, որոնք առաջին հայացքից կամայական չեն: Ավելին` դիմումատու ընկերությունը կարողացել էր վիճարկել համապատասխան մերժումները Վճռաբեկ դատարան ներկայացրած իր բողոքում, որը լրացուցիչ հետազոտել և հաստատել էր Տնտեսական դատարանի կողմից տրված պատճառաբանությունները: Նման պարագայում չի երևում, որ առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության երաշխիքների խախտում: Առկա չէ նաև որևէ ապացույց, որ դիմումատու ընկերությունը որևէ այլ կերպ իր հակառակորդի նկատմամբ էականորեն վատթար դիրքում է դրվել:
93. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՄԲ
94. Վերջապես, դիմումատու ընկերությունը բողոքում էր, որ ՀՌԱՀ-ի և ներպետական դատարանների որոշումները քաղաքական ենթատեքստ ունեին: Այն պնդում էր, որ ՀՌԱՀ-ն անկախ և անկողմնակալ մարմին չէր, քանի որ վերջինիս բոլոր ինը անդամները նշանակվել էին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Դիմումատու ընկերությունը հիմնվում էր Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա 6-րդ և 10-րդ հոդվածների զուգակցմամբ, որը համապատասխան մասում սահմանում է, որ.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից ու ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ …քաղաքական կամ այլ համոզմունքից…»:
Ընդունելիությունը
95. Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերությունը քաղաքական հայացքներից ելնող ենթադրյալ խտրականության և ՀՌԱՀ-ի անդամների նշանակման եղանակի հարցը չի բարձրացրել ներպետական դատարաններ դիմելիս:
96. Այստեղից հետևում է, որ դիմումատու ընկերությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան և դիմումի այս մասը ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
97. Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, Դատարանը նմանապես գտնում է, որ չկան ապացույցներ, որոնք կհիմնավորեին դիմումատու ընկերության այն պնդումը, որ ներպետական դատարանները գտնվել են քաղաքական ազդեցության տակ իր դիմումների առնչությամբ որոշում կայացնելիս:
98. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
1. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Նյութական վնասը
2. Դիմումատու ընկերությունն ընդհանուր առմամբ պահանջել է 1,357,828 Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դոլար (մոտ 1,050,137 եվրո) որպես նյութական վնասի փոխհատուցում, ներառյալ` գովազդային գործունեությունից և ներդրումներից ակնկալվող բաց թողնված եկամուտը, չօգտագործված սարքավորումների կորուստը և պայմանագրերից չստացված եկամուտը, ինչի առնչությամբ դիմումատու ընկերությունը նշել է, որ 2001թ. նոյեմբերի 23-ին ՀՌԱՀ-ի կողմից 37-րդ կապուղով անորոշ ժամանակով հեռարձակման թույլտվություն ստանալուց հետո վերջինս կնքել է մի շարք պայմանագրեր, որոնք այնուհետև ստիպված է եղել դադարեցնել 37-րդ կապուղիով հեռարձակվելու արտոնագրից զրկվելու պատճառով:
3. Կառավարությունը պնդել է, որ չկա պատճառահետևանքային կապ 10-րդ հոդվածի ենթադրյալ խախտման և նյութական վնասի փոխհատուցման պահանջի միջև: Այս պահանջը բացառապես հիմնված է եղել այն ենթադրության վրա, որ դիմումատու ընկերությունը արտոնագիր կստանար, եթե ՀՌԱՀ-ի որոշումը լիներ պատճառաբանված: Ավելին, պայմանագրերից չստացված եկամուտի մասով դիմումատուի պահանջը դուրս է սույն գանգատի շրջանակներից:
4. Դատարանը գտնում է, որ բաց թողնված եկամուտի մասով պահանջը մտացածին է (տես` ի թիվս այլոց, վերոնշյալ Ինֆորմացիոնսվերեին Լենտիան և այլոք, պարբ. 46, և վերոնշյալ Ռադիո «Էյ-Բի-Սի», պարբ. 41): Ավելին, առկա չէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտման և չօգտագործված սարքավորումների կորստի մասով ենթադրյալ նյութական վնասի միջև: Վերջապես, ինչ վերաբերում է պայմանագրերից չստացված եկամուտի ենթադրյալ կորստին, ապա այս պահանջը դուրս է սույն գանգատի շրջանակներից, քանի որ 37-րդ կապուղու համար հայտարարված մրցույթին կամ մրցույթի ընթացքում կրած որևէ հնարավոր վնասին չի առնչվում: Այս հարցը, ինչպես արդեն վերը նշվել է, Դատարանի կողմից քննության է առնվել դիմումատու ընկերության կողմից ներկայացված և թիվ 37780/02 համարով գրանցված մեկ այլ գանգատի շրջանակներում: Վերոնշյալի հիման վրա Դատարանը մերժում է նյութական վնասի փոխհատուցման պահանջը:
Բ. Ոչ նյութական վնասը
5. Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 50,000 ԱՄՆ դոլար (մոտ 38,670 եվրո) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Մասնավորապես` ՀՌԱՀ-ի կողմից հեռարձակման արտոնագրի տրամադրման պարբերաբար մերժումը, ինչպես նաև պատճառաբանված որոշման տրամադրման մերժումը բացասաբար է ազդել վերջինիս հեղինակության և բարի համբավի վրա: Ավելին, դիմումատու ընկերության աշխատակիցները և նախագահը Կոնվենցիայի խախտման և ներպետական դատարանների կողմից այդ խախտմանը չանդրադառնալու արդյունքում ունեցել են տագնապի, անելանելիության, հոգեկան տառապանքի, անհանգստության և անորոշության զգացում:
6. Կառավարությունը նշել է, որ խախտման ճանաչման փաստն ինքնին բավարար փոխհատուցում կհանդիսանա: Չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի միջև: Ավելին, անդրադառնալով Քոմինգերսոլլն ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 35382/97, պարբ. 36, ECHR 2000-IV, և Անկախություն և Ժողովրդավարություն կուսակցությունն (OZDEP) ընդդեմ Թուրքիայի, թիվ 23885/94, պարբ. 57, ECHR 1999-VIII գործերին, Կառավարությունը պնդել է, որ Դատարանի վճիռները, որոնցով ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրամադրվել իրավաբանական անձի տնօրենին և այլ անդամներին վերջիններիս կողմից ունեցած անելանելիության և անորոշության զգացումի համար, կիրառելի չեն սույն գործի շրջանակներում, քանի որ վերաբերում են Կոնվենցիայի այլ հոդվածներին և ունեն տվյալ գործից տարբերվող հանգամանքներ:
7. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի այն ունենա ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրելու լիազորություն նաև առևտրային կազմակերպություններին: Նման գործերում պետք է հաշվի առնել ընկերության հեղինակության, որոշումների պլանավորման անորոշության, ընկերության կառավարման խարխլման (նման դեպքերի համար գումարի հաշվարկման հստակ մեթոդ գոյություն չունի) և վերջապես` ղեկավար անձնակազմին պատճառված տագնապի և անհանգստության զգացումի հարցերը (տես` mutatis mutandis, վերոնշյալ Քոմինգերսոլլն ընդդեմ Պորտուգալիայի, պարբ. 35): Դատարանը գտնում է, որ ՀՌԱՀ-ի թերացումը յուրաքանչյուր դեպքում 10-րդ հոդվածին համապատասխան արտոնագրման չափանիշներ կիրառելու հարցում՝ մասնավորապես վերջինիս կողմից դիմումատու ընկերության հայտերի պարբերաբար մերժումը չպատճառաբանելը պետք է որ ընկերության ղեկավար անձնակազմին պատճառած լիներ անելանելիության և անորոշության զգացում, որը չի կարող փոխհատուցվել սոսկ խախտման ճանաչմամբ (տես` mutatis mutandis, նույն տեղում, պարբ. 36, և վերևում հիշատակված, Ազատություն և Ժողովրդավարություն կուսակցություն (OZDEP), պարբ. 57): Հետևաբար Դատարանը, գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատու ընկերությանը տրամադրել 20,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Գ. Ծախսեր և ծախքեր
8. Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 11,959 ԱՄՆ դոլար (մոտ 9,250 եվրո) և 10,736.48 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ) (մոտ 16,050 եվրո) որպես Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Այդ պահանջները ներառում են.
(ա) 9,775 ԱՄՆ դոլար` որպես իր երկու ներպետական ներկայացուցիչներին վճարված գումար (42.5 և 51 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 50 և 150 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ժամի դիմաց),
(բ) 2,1484 ԱՄՆ դոլար` որպես թարգմանչական ծախսեր,
(գ) 9,112.48 ՄԲՖ` որպես Միացյալ Թագավորությունում գործող չորս իրավաբաններին վճարված գումար, ներառյալ KHRP-ի երեք իրավաբաններին և մեկ փաստաբանի վճարված գումար (ընդհանուր առմամբ 32 և 28 ժամ կատարած աշխատանքի դիմաց` մեկ ժամը 150 ՄԲՖ հաշվարկով),
(դ) 260 ՄԲՖ` որպես KHRP-ի կողմից կատարված կազմակերպչական ծախսեր, և
(ե) 1,364.00 ՄԲՖ` որպես KHRP-ի ներկայացուցիչների` Երևան կատարած այցի ճանապարհորդական ծախսեր:
Ի հավաստումն իր կողմից ներկայացրած պահանջների դիմումատու ընկերությունը ներկայացրել է ժամավճարը մանրամասնող համապատասխան փաստաթղթեր:
9. Նախ` Կառավարությունը պնդել է, որ պահանջվող գումարը առնվազն կիսով չափ պետք է նվազեցվի, քանի որ արդարացի փոխհատուցում պահանջելու իրավունք ունի միայն դիմումատու ընկերությունը, այլ ոչ թե երկրորդ դիմումատուն: Երկրորդ` դիմումատու ընկերությունը գործի մեջ ներգրավել է չափազանց մեծ թվով իրավաբաններ, թեև գործն այդչափ բարդ չէր, որպեսզի արդարացներ այդ հանգամանքը: Վերջապես, ներպետական փաստաբանների վճարների հատուցման պահանջը հիմնավորված չէ համապատասխան փաստաթղթերով, քանի որ դիմումատու ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ ներպետական իրավաբանների և դիմումատուի միջև գոյություն ունի իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով կսահմանվեր մատուցած ծառայությունների համար ենթադրյալ ժամավճարը: Ավելին, ներպետական իրավաբաններին ենթադրաբար տրված ժամավճարը չափազանց բարձր է:
10. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանը նշում է, որ սույն գործում թարգմանչական ծախսերը հավաստող վճարման անդորրագիր չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբաններին վճարված գումարներին, ապա ոչ բոլոր ծախսերն են եղել անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ, ներառյալ նաև KHRP-ի իրավաբանների` Երևան կատարած այցի ճանապարհորդական ծախսերը, ինչպես նաև օտարերկրյա և ներպետական իրավաբանների կատարած աշխատանքի նկատելի կրկնությունը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցներում: Ավելին, փոխհատուցման գումարը պետք է նվազեցնել նաև այն պատճառաբանությամբ, որ հիմնական գանգատի մի մասը ճանաչվել էր անընդունելի: Դատարանը, կատարելով իր հաշվարկը և գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 10,000 եվրո որպես կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատու ընկերության ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին:
Դ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
11. Դատարանն ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում դիմումատու ընկերության գանգատը` կապված Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ և անընդունելի` գանգատի մնացյալ մասը,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է, որ
(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատու ընկերությանը պետք է վճարի հետևյալ գումարները.
(I) 20,000 (քսան հազար) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
(II) 10,000 (տասը հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատու ընկերության նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար, գումարած երեք տոկոս:
4. Մերժում է դիմումատու ընկերության արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 17-ը հունիսի 2008թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:
Սանտիագո Քուեսադա
Քարտուղար Ջոզեփ Կասադեվալ
Նախագահ