Հոդված 49. Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
Հոդված 49. Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
1. Ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
2. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:
3. Բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով կարող են ստեղծվել հանրակրթական համապատասխան հաստատություններ:
4. Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում:
5. Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակներով:
6. Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
7. Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա բաժինների սովորողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալ երկրորդ մասնագիտություն:
9. Սովորողներն ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավունք ունեն տեղափոխվել համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն: