Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
2. Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:
3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:
4. Պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:
5. Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների կրթության համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:
7. Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը: