Անցնել բովանդակությանը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 3

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:

Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաև ԱԱՀ-ին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հասույթը:

Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`

ա) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձի նկատմամբ կամ

բ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի, կամ

գ) այն կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), կամ

դ) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, կամ

ե) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կարող տարածվել, կամ

զ) այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի.

է) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության և սույն հոդվածի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:

Անձինք, որոնք, սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն, չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:

Օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝

1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը.

2) բնակելի թաղամասերում կամ համալիրներում մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործունեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքի իմաստով` հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։