Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-11-12-ից մինչև 2022-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-08Բացել ARLIS-ում

040.0461.12.07.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 1999 թվականի N 461

քաղ. Երևան

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

(Որոշումը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Վ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հուլիսի 12-ի N 461 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի

(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)

I. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը (այսուհետև` նախարարություն) կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշմամբ: (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)

2. Հանձնաժողովը հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող խորհրդակցական մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը.

բ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.

գ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.

դ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:

5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

6. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:

7. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

10. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.

բ) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.

գ) համակարգում և քննարկման է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.

դ) կազմում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

11. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Նախարարության և հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարությունը կենսագործում է իր ընդունած որոշումը դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(13-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)

14. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:

15. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։