Հոդված 4
Հոդված 4.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ հավելվածով`
«Հավելված 3
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու կարգը:
2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):
Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:
3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային տեսչության հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային տեսչության փոխարեն այլ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ վերադարձվում են հարկ վճարողին փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:
4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային տեսչության կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը:
Հարկային տեսչության կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը:
5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային տեսչության կողմից չեն ընդունվում:
6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ: Թերթիկն ստորագրվում, կնքվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին: Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում են հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում են հարկային տեսչության անվանումը, կնիքը և ամսաթիվը:
7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային տեսչության կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`
1) հարկ վճարողի լրիվ անվանումը.
2) հարկ վճարողի հաշվառման համարը.
3) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները.
4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը և (կամ) կնիքը:
8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:
9. Սույն կարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:»։