Հոդված 10. Հսկվող ապրանքների արտահանման և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալը
Հոդված 10. Հսկվող ապրանքների արտահանման և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալը
1. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար նշված ապրանքները արտահանող և (կամ) ոչ նյութական արժեքներ փոխանցող անձը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեություն իրականացնելու վայրերը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հայցվող թույլտվության տեսակը և ժամկետը.
2) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերության պահանջներին համապատասխանող վերջնական օգտագործողի հավաստագիրը.
4) արտահանման ենթակա հսկվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների տեխնիկական նկարագրերը.
5) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի պատճենը.
6) ապրանքի, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքի հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին պատկանելության վերաբերյալ արտահանող սուբյեկտի գրավոր հայտարարագիրը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փորձագիտական եզրակացությունը.
7) անհատական և ընդհանուր թույլտվություններ հայցելու դեպքում` պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակության մեկնող անձանց վրա:
3. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում: