ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 411-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 25-ի N 411-Ն որոշման
Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ
1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:
2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն):
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն ձևի:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրին քաղաքացին ծանոթանում է վարչությունում` հրամանագրի քաղվածքն ստորագրությամբ ստանալու եղանակով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրին ծանոթանալուց հետո` նույն օրը, իրականացվում է քաղաքացու երդման արարողությունը:
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:
6. Երդման արարողությունը վարչությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը:
7. Անձը երդում տալիս է մեկ անգամ, բարձրաձայն և հանդիսավոր ընթերցելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված երդման տեքստը, և ստորագրում այն:
8. Վարչության պետը (տեղակալը) շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով` երդում տված անձին տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Ձև
Գ Ր Ա Վ Ո Ր Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ
Հարգելի _________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
.
Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդման տեքստը
«Ես`____________________________________________________,
(անունը, ազգանունը)
դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:
Տեղեկացնում ենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _____ __ կարող եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
___________________________________________________________հասցեով,
_______սենյակ, ________________________________________________ի մոտ:
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ.