Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները
Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները
Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`
ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` զինծառայությունից արձակվելու կամ ԲՍՓՀ-ի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` 12 ամսից ոչ ուշ.
բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունք առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 12 ամսից ոչ ուշ:
Սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲՍՓՀ-ի կողմից սահմանված` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
60 տարեկանից բարձր տղամարդկանց և 55 տարեկանից բարձր կանանց հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է ցմահ: Այդ հաշմանդամների բժշկական վերազննությունը կատարվում է միայն նրանց դիմումի համաձայն:
Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):
Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամների կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ: