Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողները, բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից, և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից: