Հոդված 11
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով... »
Ա. Ընդունելիությունը
70. Դատարանը նշում է, որ այս գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Նա այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն նաև ցանկացած այլ հիմքով: Դրանք, հետևաբար, պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Դիմումատուի գանգատների շրջանակը
71. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտարկել որպես lex generalis 11-րդ հոդվածի` որպես lex specialis-ի նկատմամբ: Հետևաբար անհրաժեշտություն չկա 10-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատները քննության առնել առանձին (տե´ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), 26 ապրիլ 1991թ. վճիռը, Series A, թիվ 202, պարբ. 35; և Գալստյանի գործը (Galstyan), վկայակոչված վերը, պարբ. 95):
72. Մյուս կողմից, առանց անտեսելու 11-րդ հոդվածի ինքնավար դերն ու կիրառման առանձնահատուկ ոլորտը, սույն գործում այն ևս պետք է դիտարկել 10-րդ հոդվածի լույսի ներքո: Անձնական կարծիքների պաշտպանությունը, որն ապահովվում է 10-րդ հոդվածով, 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե´ս վերը մեջբերված Էզելինի գործը (Ezelin), պարբ. 37 և Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 96):
2. 2003թ. ապրիլի 7-ի հանրահավաքը
(ա) Արդյոք առկա է եղել միջամտություն խաղաղ հավաքների ազատությունն իրականացնելիս
73. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ հավաքների ազատության իրավունքը չի խախտվել այնքանով, որքանով խոսքը վերաբերում է 2003թ. ապրիլի 7-ի որոշմանը: Դիմումատուն մեղավոր է ճանաչվել հասարակական կարգը խախտելու համար և հետևաբար նրա նկատմամբ նշանակված տույժը կապված չի եղել դիմումատուի կողմից խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ: Կառավարության համաձայն դիմումատուն հանրահավաքից հեռու է գտնվել և զուտ խուլիգանական շարժառիթներով փակել է փողոցը, որը որևէ կապ չի ունեցել դրա հետ: Նման գործողությունները, այնուամենայնիվ, չեն կարող համարվել անհրաժեշտ անձի կողմից խաղաղ հավաքների իր իրավունքն իրականացնելու համար:
74. Դիմումատուն պնդել է, որ Կառավարության փաստարկները չեն համապատասխանում իրականությանը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին հանրահավաքին իր ակտիվ մասնակցության պատճառով: Դա կատարվել է` անտեսելով այն փաստը, որ նա հանրահավաքի ընթացքում որևէ անօրինական արարք թույլ չի տվել: Նման փաստարկներ առաջ քաշելով` Կառավարությունը փորձում է դիմումատուին ներկայացնել որպես սովորական խուլիգան և ոչ թե հանրահավաքի ակտիվ մասնակից:
75. Դատարանը նշում է, որ դատարանի որոշումից ակնհայտ է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար, իսկ ավելի կոնկրետ` 2003թ. ապրիլի 7-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Դատավորի որոշման համաձայն այն գործողությունները, որոնք հանգեցրել են դիմումատուի նկատմամբ վարչական կալանք կիրառելուն «փողոցային երթևեկությունը խոչընդոտելն է» և «բարձրաձայն աղմկելը», որոնք նա կատարել է հանրահավաքի ժամանակ և որոնք Դատարանի կարծիքով անմիջականորեն հանդիսացել են նրա կողմից հանրահավաքին մասնակցելու արդյունք: Այսպես, Կառավարության այն պնդումը, որ դիմումատուն փակել է մի փողոց, որը կապ չի ունեցել հանրահավաքի հետ, չի հիմնավորվել ներպետական դատարանի եզրահանգումներում: Դրանից հետևում է, որ դիմումատուն դատապարտվել է հանրահավաքի ժամանակ դրսևորած իր վարքագծի համար:
76. Դատարանն այնուհետև նշում է, որ քննարկվող հանրահավաքն այն նույն հանրահավաքն է, որին մասնակցել է նաև վերը նշված Գալստյանի գործով դիմումատուն: Այդ գործում Դատարանը հաստատեց, որ տվյալ հանրահավաքը նպատակ չուներ լինել ոչ խաղաղ, բացի այդ այն չէր էլ արգելվել: Ավելին, իշխանությունները երբևէ չեն փորձել հանրահավաքը անօրինական կամ չթույլատրված կամ էլ երթևեկությունը խոչընդոտող լինելու հիմքով ցրել այն կամ հրամայել դրա մասնակիցներին, այդ թվում` դիմումատուին, հեռանալ (տե´ս նույն տեղում, պարբ. 101): Ճիշտ է, որ սույն գործում ոստիկանության զեկուցագրի համաձայն դիմումատուն մասնակցել է չթույլատրված երթին, որը Մատենադարանից շարժվել է Սահմանադրական դատարանի ուղղությամբ (տե´ս վերը` պարբ. 10): Սակայն, ամենից առաջ, այս պնդումը չի հիմնավորվել դատաքննությունների ընթացքում, քանի որ դիմումատուն դատապարտվել է ոչ թե ենթադրյալ չթույլատրված հանրահավաքին մասնակցելու, այլ Մատենադարանի դիմաց գտնվող Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կատարած որոշակի գործողությունների համար (տե´ս վերը` պարբ. 17): Երկրորդ, պարզ չէ, թե ինչ հիմքերով էր նման ենթադրություն կատարել զեկուցող ոստիկանը` հաշվի առնելով, որ այդ ժամանակ Հայաստանում չկար երթեր և փողոցային քայլերթեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ դրույթներ պարունակող և կիրառման ենթակա իրավական ակտ, ներառյալ նման միջոցառումների կազմակերպման կանոններ (տե´ս Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (Mkrtchyan v. Armenia) թիվ 6562/03, պարբ. 43, 11 հունվար 2007թ.): Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի պնդել նաև, որ հանրահավաքը եղել է չթույլատրված կամ հակաօրինական: Հետևաբար, սույն գործի նյութերում չկա որևէ բան, որը Դատարանին կհակեր շեղվել Գալստյանի գործում կատարված եզրահանգումներից: Այսպես, միանալով հանրահավաքին, դիմումատուն իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը, և դրան հաջորդած սանկցիան իրենից ներկայացրել է այդ իրավունքի սահմանափակում:
77. Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ օրինական հանրահավաքին մասնակցելու համար դիմումատուի դատապարտումը խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքի սահմանափակում է:
(բ) Արդյոք միջամտությունը արդարացված է եղել
78. Միջամտությունը կառաջացնի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չի եղել «նախատեսված օրենքով», ուղղված չի եղել այդ հոդվածի 2-րդ մասում նշված օրինական նպատակներից մեկի կամ մի քանիսի իրականացմանը և «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելուն:
(i) «Օրենքով նախատեսված»
79. Կառավարությունը պնդել է, որ եթե Դատարանը եզրակացնի, որ տեղի է ունեցել դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, ապա այդ սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով: Դիմումատուն փակել է Մաշտոցի պողոտան մի խումբ անձանց հետ, և դա կատարելով խախտել է հասարակական կարգը, ինչը որակվել է որպես մանր խուլիգանություն և ներառվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի գործողության շրջանակում:
80. Դիմումատուն պնդել է, որ այս գործողությունները չէին կարող համարվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի գործողության ոլորտում գտնվող: Համաձայն այդ հոդվածի մանր խուլիգանություն նշանակում է հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողությունները, որոնք խախտում են հասարակական կարգը: Այնուհանդերձ, փողոցի փակումը չէր կարող դիտարկվել որպես նման գործողություն վերը նշված անձանց նկատմամբ:
81. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ տույժ է նշանակվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով սահմանված արարքի համար: Այն այնուհետև հիշեցնում է, որ այս դրույթը ձևակերպվել է բավարար որոշակիությամբ, որպեսզի բավարարվեն 11-րդ հոդվածի պահանջները (տե´ս Գալստյանի (Galstyan) վերը մեջբերված գործը, պարբ. 107):
82. Սրանից հետևում է, որ սահմանափակումը եղել է օրենքով նախատեսված:
(ii) Իրավաչափ նպատակ
83. Կառավարությունը պնդում է, որ սահմանափակումն անհրաժեշտ է եղել անկարգությունների կանխման և այլոց իրավունքների պաշտպանության նպատակով, քանի որ դիմումատուն անձամբ ներգրավված է եղել հանրահավաքի ժամանակ հակաիրավական գործողությունների կատարմանը:
84. Դիմումատուն հատուկ կերպով չի անդրադարձել այս հարցին:
85. Դատարանը նշում է, որ ակնհայտ է, որ դիմումատուն սանկցիայի է ենթարկվել այնպիսի գործողությունների համար, որոնք իշխանությունների կողմից որակվել են որպես հասարակական կարգը խախտող: Հետևաբար, սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ, այն է` «անկարգությունների կանխումը»:
(iii) «Անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»
86. Կառավարությունը պնդում է, որ սահմանափակումն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում և համաչափ հետապնդվող նպատակին: Այն նպատակաուղղված է եղել դիմումատուի հակաօրինական գործողությունները կանխելուն և հասարակական անկարգություններից խուսափելուն: Կիրառված սանկցիան ամենամեղմն էր դիմումատուի կողմից կատարված իրավախախտումների համար նախատեսված տույժերի շրջանակում: Պայմանավորվող Կողմերն ունեն հայեցողության սահման, ինչը վերաբերում է սահմանափակման անհրաժեշտությանը, և ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները պատշաճ էին և բավարար:
87. Դիմումատուն ժխտել է հանրահավաքի ժամանակ փողոցը փակելու հանգամանքը: Նա այնուհետև պնդել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ ինքը այդպես է վարվել, ապա այդ գործողությունն իր բնույթով հասարակության համար վտանգավորության աստիճանով և հնարավոր հետևանքներով չէր կարող դիտարկվել որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվող արժեքների համար սպառնալիք ստեղծող և այդպիսով սանկցիաներ պահանջող արարք:
88. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ նա 2003թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ժամանակ որևէ հակաօրինական գործողություն չի կատարել, և նրա ձերբակալությունը և դատապարտումը գլխավորապես նպատակ ունեին կանխել նրա ակտիվ մասնակցությունը հետագա հանրահավաքներին: Նա վերջապես վկայակոչել է իր նախորդ պնդումները, համաձայն որոնց նա չէր կարող խոչընդոտած լիներ փողոցային երթևեկությանը, քանի որ Մաշտոցի պողոտայի տվյալ հատվածում երթևեկությունը նախքան հանրահավաքն սկսելը կասեցվել էր ճանապարհային ոստիկանության կողմից:
89. Դատարանը նկատում է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը (տե´ս Ջին ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (G. v. Federal Republic of Germany) մեջբերված վերը, և Ռաին, Ալմոնդը և «Բանակցիր հիմա»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (Rai, Allmond and "Negotiate Now" v. United Kingdom), թիվ 25522/94, Հանձնաժողովի 1995թ. ապրիլի 6-ի որոշումը, DR 81-A, էջ 146): Այս իրավունքը, որի նպատակներից մեկը անձնական կարծիքի պաշտպանությունն է, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք պետք է ստանան սահմանափակ մեկնաբանում, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հաստատվի: Երբ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են դիտարկվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող Պետությունները օգտվում են որոշակի հայեցողության սահմանից, որը սակայն անսահմանափակ չէ: Ամեն դեպքում Եվրոպական Դատարանն է, որ սահմանափակումները Կոնվենցիային համապատասխան լինելու վերաբերյալ պետք է տա վերջնական գնահատական, և դա պետք է կատարվի տվյալ գործի հանգամանքները գնահատելով (տե´ս Օսմանին և մյուսներն ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիայի (Osmani and Others v. Tհe Former Yugoslav Republic of Macedonia (որոշում)) թիվ 50841/99, 2001թ. հոկտեմբերի 11):
90. Դատարանն այնուհետև հիշեցնում է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնչափ կարևոր է, որ անձը չի կարող ենթարկվել կարգապահական տույժերի համակարգում նույնիսկ ամենաստորին աստիճանի վրա գտնվող սանկցիայի այնպիսի հանրահավաքի մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ դեպքում անձը չի կատարել ինքնին դատապարտման ենթակա արարք (տե´ս Էզելինի գործը (Ezelin), մեջբերված վերը, էջ 23, պարբ. 53): Ավելին, հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթևեկության խաթարումը, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից (տե´ս Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey) թիվ 74552/01, պարբ. 38-42, ՄԻԵԿ 2006-...):
91. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ դիմումատուին սույն գործում մեղավոր ճանաչող 2003թ. ապրիլի 7-ի որոշումը բառօգտագործման տեսանկյունից նույնական է Գալստյանի գործում դիմումատուին մեղավոր ճանաչող որոշմանը միայն ժամանակին վերաբերող աննշան բացառությամբ (տե՛ս Գալստյան (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 18): Ավելին, սույն գործում դիմումատուն 2003թ. ապրիլի 7-ի միևնույն հանրահավաքին մասնակցելու համար դատապարտվել է նույն դատավորի կողմից և նույն օրը: Սանկցիայի կիրառմանը հանգեցրած գործողությունները նմանապես «փողոցային երթևեկությանը խոչընդոտելն էր» և «բարձրաձայն աղմկելը»:
92. Դատարանը Գալստյանի գործում արդեն հաստատել է, որ փողոցը, որտեղ 2003թ. ապրիլի 7-ին տեղի է ունեցել հանրահավաքը, այն է` Մաշտոցի պողոտան, լցված է եղել հսկայական ամբոխով, որտեղ մարդկանց թիվը հասնում էր 30 000-ի: Այնուհետև հաստատվել է նաև, որ փողոցային երթևեկությունը ճանապարհային ոստիկանության կողմից նախապես կասեցված է եղել հանրահավաքի անցկացումը հեշտացնելու նպատակով, և իշխանությունները որևէ փորձ չեն կատարել ինչ-որ պահին երթևեկությունը ապօրինի խոչընդոտելու համար հանրահավաքը ցրելու ուղղությամբ (տե´ս նույն տեղում, պարբ. 116): Դատարանը նշում է, որ սույն գործի նյութերում չկա ոչինչ, որ իրեն կհակի շեղվել այդ եզրահանգումներից: Հետևաբար, «փողոցային երթևեկությանը խոչընդոտելը», որի համար դիմումատուն մեղավոր է ճանաչվել, նույն կերպով հանգում է հանրահավաքին նրա ֆիզիկական ներկայությանը: Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից բարձրաձայն աղմկելուն, ապա նույնպես որևէ ակնարկ չկա, որ այդ աղմուկը եղել է անհարիր կամ հրահրել բռնության: Դատարանը հետևաբար հանգում է այն եզրակացության, որ սույն գործում դիմումատուն ենթարկվել է պատասխանատվության ընդամենը տվյալ հանրահավաքին ներկա գտնվելու և ակտիվորեն մասնակցելու, այլ ոչ թե դրա ընթացքում ինչ-որ հակաիրավական, բռնի կամ անհարիր արարք կատարելու համար:
93. Դատարանը հիշեցնում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի բուն էությունը կխաթարվի, եթե Պետությունը չի արգելում հանրահավաքը, սակայն այնուհետև պատասխանատվության է ենթարկում դրա մասնակիցներին, նույնիսկ եթե խոսքը գնում է տույժերի համակարգում ամենամեղմ սանկցիայի մասին հանրահավաքին ընդամենը մասնակցելու համար առանց պատժելի որևէ արարք կատարելու, ինչպես դա տեղի էր ունեցել դիմումատուի պարագայում (տե´ս նույն տեղում, պարբ. 117): Դատարանը հետևաբար հանգում է այն եզրակացության, որ խաղաղ հավաքների ազատության դիմումատուի իրավունքի սահմանափակումը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
94. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
3. 2003թ. ապրիլի 9-ի հանրահավաքը
(ա) Կողմերի պնդումները
95. Կառավարությունը ներկայացրել է այնպիսի փաստարկներ, որոնք նման են 2003թ. ապրիլի 7-ի հանրահավաքի վերաբերյալ ներկայացրածներին` պնդելով, որ դիմումատուի արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում (տե´ս վերը` պարբ. 79, 83 և 86):
96. Դիմումատուն նույնպես կրկնել է իր պնդումները: Նա այնուհետև վիճարկել է ներպետական դատարանների կողմից փաստի կապակցությամբ կատարված եզրահանգումները` պնդելով, որ հանրահավաքի ժամանակ ինքը չի օգտագործել հայհոյանքներ և որևէ մեկին չի հարվածել: Այս խաբեությունները հորինվել են իշխանությունների կողմից վարչական կալանքի կիրառումն արդարացնելու նպատակով: Նրա կողմից կատարված միակ «իրավախախտումը» եղել է այն, որ ինքը հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին հանձնել իր ձեռքին եղած դրոշը, երբ վերջիններս սկսել են ցրել հանրահավաքը: Ի պաշտպանություն իր փաստարկների դիմումատուն մատնացույց է անում այն փաստը, որ ներպետական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ նա իր խնամքի տակ ոչ ոք չունի, չնայած այն փաստին, որ նա ունի երեք երեխա:
(բ) Դատարանի գնահատականը
97. Դատարանը նշում է, որ կողմերի միջև չկար վեճ այն հարցի շուրջ, որ տեղի է ունեցել դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակում: Այն համարում է, որ դիմումատուին 2003թ. ապրիլի 9-ին պատասխանատվության ենթարկելը անկասկած հանդիսանում է խաղաղ հավաքների նրա իրավունքի սահմանափակում: Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ՎԻՎՕ-ի նույն հոդվածով, ինչ որ 2003թ. ապրիլի 7-ին: Հետևաբար սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով (տե´ս վերը` պարբ. 82): Դատարանն այնուհետև գտնում է, որ սահմանափակումը հետապնդել է «անկարգությունների կանխման» և «այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավաչափ նպատակ:
98. Ինչ վերաբերում է սահմանափակման անհրաժեշտությանը, ապա Դատարանը ևս մեկ անգամ հիշեցնում է իր նախադեպային իրավունքն այն առումով, որ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել այդ դեպքում (տե´ս Էզելինի գործը (Ezelin), մեջբերված վերը, էջ 23, պարբ. 53): Սրանից հետևում է, որ նման գործողություններ` ներառյալ բռնություն և անհարիր արարքներ կատարելու համար սանկցիա կիրառելը կարող է համարվել արդարացված սահմանափակում: Որոշակի սահմանափակման արդարացված լինելու հարցը գնահատելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ այն պայմանավորված է եղել սոցիալական խիստ անհրաժեշտությամբ և որ ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները պատշաճ և բավարար են:
99. Սույն գործում Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել որոշակի գործողություններ կատարելու համար, որոնք կարող են համարվել դատապարտելի: Այնուհանդերձ, ողջամիտ է շեշտել դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս ներպետական դատարանի կողմից արված եզրահանգումների սակավաթիվ լինելու փաստը: Դրանք փաստացի հանգում էին հետևյալ ձևակերպմանը. «[դիմումատուն], բարձրաձայն աղմկելով և հարվածելով անցորդներին, խոչընդոտել է փողոցային երթևեկությունը և խախտել հասարակական կարգը»: Այս մեղադրանքների այլ մանրամասներ չեն ներկայացվել, մասնավորապես, այնպիսիք, ինչպիսիք կարող էին լինել կոնկրետ անհարիր գործողությունները, ում էին դրանք հասցեագրված և ինչպիսի հանգամանքներում, դիմումատուի կողմից ենթադրյալ բռնություն կիրառելու եղանակը և արդյոք որևէ մեկը վնասվել է: Որևէ տուժողից կամ վկայից, բացառությամբ ձերբակալությունն իրականացրած ոստիկաններից, որևէ ապացույց չի վերցվել, և այդ եզրահանգումները կատարվել են ոչ ավելի, քան հինգ րոպե տևած դատավարությունից հետո: Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի վարչական գործի նյութերը չեն պարունակում նաև այլ փաստական մանրամասներ: Նրա դեմ ներկայացված մեղադրանքում պարզապես նշվում է, որ նա «բարձրաձայն աղմկել է մի խումբ անձանց հետ, և հարվածել և վիրավորել պատահական անցորդների», և նույնիսկ ոստիկանության զեկուցագիրը չի պարունակում որևէ էական մանրամասն դիմումատուի ենթադրյալ պատժելի վարքագծի վերաբերյալ: Չնայած սրան, այդ նյութերը դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս հիմք են ընդունվել ներպետական դատարանի կողմից, մինչդեռ ի պաշտպանություն իրեն դատարանում իր կողմից արված հայտարարությունները դատարանի որոշման մեջ որևէ արտացոլում չեն ստացել: Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ներպետական դատարանը չի իրականացրել 2003թ. ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ դիմումատուի վարքագծին առնչվող հանգամանքների, ներառյալ նրա կողմից ենթադրաբար կիրառված բռնության կամ հակաիրավական գործողությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատում:
100. Ինչ վերաբերում է «փողոցային երթևեկությանը խոչընդոտելուն», որի մեջ դիմումատուն նույնպես ճանաչվել էր մեղավոր, ապա Դատարանը նշում է, որ չկա որևէ ապացույց, ցույց կտա, որ այն անցել է ցանկացած խաղաղ հանրահավաքին ներհատուկ և Կոնվենցիայի 11-րդ հոդվածով թույլատրելի հասարակական կյանքի բնականոն ընթացքը խանգարելու աստիճանը, եթե այդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքների ազատությունը չի զրկվում իր ողջ էությունից (տե´ս, mutatis mutandis, Օյա Ատամանի գործը (Oya Ataman) մեջբերված վերը, պարբ. 38-42):
101. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանի կողմից վկայակոչված պատճառները բավարար չեն դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակումն արդարացնելու համար, հատկապես այնպիսի խիստ պատժի տեսքով, ինչպիսին է կալանավորումը հինգ օր ժամկետով: Դատարանը նշում է, որ այս պատիժը նշանակելիս ներպետական դատարանը որպես ծանրացնող հանգամանք հաշվի է առել դիմումատուի կրկնվող վարքագիծը ավելի վաղ` 2003թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը նա բնորոշել էր որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ, որևէ բան ցույց չի տալիս, որ դիմումատուի վարքագիծը ներառել է որևէ պատժելի տարր 11-րդ հոդվածի իմաստով (տե´ս վերը` պարբ. 93):
102. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
V. ԹԻՎ 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
103. Դիմումատուն բողոքել է, որ նա իրավունք չի ունեցել վիճարկել 2003թ. ապրիլի 9-ի որոշումը: Նույն հարցը ex officio բարձրացվել էր նաև 2003թ. ապրիլի 7-ի որոշման կապակցությամբ: Դատարանն անհրաժեշտ է համարում այս հարցերը քննարկել Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է հետևյալը.
«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:
2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ...»:
Ա. Ընդունելիությունը
104. Դատարանը վերհիշում է, որ երբ իրավախախտումը համարվում է քրեաիրավական բնույթ ունեցող` ընդգրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր երաշխիքները, ապա այն արդյունքում ընդգրկում է նաև Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված երաշխիքները (տե´ս Գուրեպկան ընդդեմ Ուկրաինայի (Gurepka v. Ukraine), թիվ 61406/00, պարբ. 55, 6-ը սեպտեմբեր 2005թ. և Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 120): Սույն գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է համարվել երկու դատաքննությունների նկատմամբ էլ (տե´ս վերը` պարբ. 51): Արդյունքում Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածը նույնպես կիրառելի է սույն գործում:
105. Դատարանն այնուհետև նշում է, որ գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Այն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ նաև ցանկացած այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գանգատի ըստ էության քննությունը
106. Կառավարությունը վերահաստատել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին նախնական առարկություններում և պնդել, որ դիմումատուն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի համաձայն ունեցել է իր նկատմամբ կայացված որոշումը վերանայելու իրավունք:
107. Դիմումատուն նույնպես կրկնել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին ի պատասխան Կառավարության նախնական առարկությունների և պնդել, որ 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումները կարող էին բողոքարկվել միայն դատախազի կողմից:
108. Դատարանը նշում է, որ նույնական գանգատ քննվել է նաև վերոնշյալ Գալստյանի գործում: Այդ գործում Դատարանը նախ գտավ, որ այն իրավախախտումը, որի կատարման մեջ մեղադրվում էր դիմումատուն «աննշան հանցագործություն» չէ Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, քանի որ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը որպես առավելագույն պատիժ դրա համար նախատեսում է մինչև 15 օր ժամկետով կալանք: Դատարանն այնուհետև եզրակացրեց, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կբավարարեր Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի պահանջները (Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 124-127):
109. Սույն գործում, ինչպես արդեն նշվել է վերը, դիմումատուն երկու դեպքում էլ մեղադրվել է նույն իրավախախտման համար և նույն ընթացակարգով, ինչ որ Գալստյանի գործում: Դատարանը հետևաբար որևէ պատճառ չի տեսնում այդ գործում իր կողմից արված եզրահանգումներից շեղվելու համար:
110. Հետևաբար 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումների կապակցությամբ տեղի է ունեցել այս դրույթի խախտում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
111. Դիմումատուն վերջապես բողոքում է, որ իր երկու ձերբակալություններն էլ ոստիկանության աշխատակիցների կողմից ուղեկցվել են ֆիզիկական բռնությամբ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ընդունելիությունը
112. Դատարանը նկատում է, որ սույն գործի նյութերում չկա որևէ ապացույց, այդ թվում` բժշկական ապացույց, որը կմատնանշեր, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի:
113. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
114. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
115. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Դրան համապատասխան Դատարանը համարում է, որ անհրաժեշտություն չկա այս կապակցությամբ դիմումատուին տրամադրել որևէ գումար:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում գանգատները` կապված անաչառ դատարանի կողմից արդար և հրապարակային դատաքննության բացակայության, պաշտպանության իրավունքների խախտման, արտահայտվելու ազատության իրավունքի և խաղաղ հավաքների ազատության սահմանափակման և վարչական տույժեր սահմանող որոշումները բողոքարկելու հնարավորության բացակայության հետ` համապատասխան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (բ) ու (գ) կետերի և 10-րդ ու 11-րդ հոդվածների և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի, և անընդունելի` գանգատի մնացած մասերը,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ այն առնչությամբ, որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես այն փաստի առումով, որ նրան չեն տրամադրվել բավարար ժամանակ և միջոցներ 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի դատաքննությունների ժամանակ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո ներկայացված մյուս գանգատները,
4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը,
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության առնչությամբ` 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի հանրահավաքների հետ կապված,
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու որոշումների կապակցությամբ:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 17 հուլիսի 2008թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Սթենլի Նեյսմիթ
Քարտուղարի տեղակալ Ջոզեփ Կասադեվալ Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն Դատավոր Ֆուրա-Սանդստրոմի համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:
J.C.M.
S.H.N
ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ` 2003թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու դատաքննությունների կապակցությամբ, քանի որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար իրեն բավարար ժամանակ և միջոցներ չտրամադրելու առնչությամբ (պարբ. 66): Ընդունելով այս մոտեցումը` ես միաժամանակ կգերադասեի իրավաբանական օգնության բացակայության վերաբերյալ գանգատը քննել առանձին: Դիմումատուին ենթադրաբար չեն հարցրել, թե նա ցանկանում է արդյոք փաստաբան ունենալ (պարբ. 62): Նույն պատճառներով, որոնք արտահայտվել են Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործում իմ մասնակի չհամընկնող կարծիքում, որը ես վկայակոչում եմ, ես գտնում եմ, որ այս առումով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի զուգակցմամբ: