Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Նպաստները և միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 22. Նպաստները և միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից` սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը 12-ի վրա բաժանելով:

6. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։