Հոդված 18
Հոդված 18.
ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման: Հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանք մատակարարելու կամ ստացողի կողմից ծառայությունն ընդունելու օրը` մինչև այդ գործարքի մասով ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը: Մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ կազմակերպության կամ ֆիզիկական անձի պահանջով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի համաձայն, ապրանքի մատակարարում համարվող և ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով կարող է դուրս գրել հարկային հաշիվ` միայն գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պահանջով, և եթե այդ ֆիզիկական անձն ունի հարկ վճարողի հաշվառման համար:
Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:
ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, 29.10.09 ՀՕ-203-Ն)