Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. Ճանապարհային վճարների պարտավորությունների հաշվառումը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարի պարտավորությունների (վճար, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հայտերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):
Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:»: