Անցնել բովանդակությանը
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 31. Հայտերի գնահատումը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հայտերի գնահատումը

1. Հայտերը գնահատվում եմ հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

2. Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է`

1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս, հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ, որոնք հնարավոր է չափել դրամական արտահայտությամբ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ:

3. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը: Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հրավերով սահմանված փոխարժեքով:

4. Հրավերով նախատեսված դեպքում և կարգով, սույն օրենքով սահմանված կարգով, կազմակերպվում է էլեկտրոնային աճուրդ:

5. Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցներին որոշելուց հետո` հրավերով սահմանված ժամկետում`

1) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հանձնաժողովին է ներկայացնում իր` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հանձնաժողովը գնահատում է սույն մասի 1-ին կետի համաձայն ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին, և, հրավերով սահմանված դեպքերում ու կարգով, գնահատում է տվյալ մասնակցի գնային և ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը:

6. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները: Նման դեպքում մասնակիցը հայտարարվում է ընտրված:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն գնահատման արդյունքում հայտը անբավարար գնահատվելու դեպքում հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

8. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։