Հոդված 26
Հոդված 26.
Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.
2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:
Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա.
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:
(2-րդ մասը հանվել է 14.12.01 ՀՕ-288)
(3-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
(4-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
(5-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:
5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:
6) սույն օրենքի 34.1 հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները: Ընդ որում, մինչև արժեթղթերի ցուցակում ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ծառայությունների ձեռքբերման արժեքին:
(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, 19.05.05 ՀՕ-104-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-154-Ն)