Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 261. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: