ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2011 թվականի N 963-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1. Ստեղծել մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով:
2. Հաստատել`
1) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 12-ի N 963-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ
Կ. Կոստանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական ծրագրերի և որակի կառավարման
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ա. Փարսադանյան - ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ
Ի. Կոջոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության
և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»
ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության աշխատակազմի
ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և
մոնիթորինգի վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության
վարչության պետ
Հ. Ղալաչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական
ռեսուրսների կառավարման բաժնի պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ճարտարապետության վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ջ. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի
արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի
վարչության աղետների բժշկության բաժնի պետ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Վ. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական
վարչության պետ
Ա. Սմբատյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Ա. Ավագյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության «Ավիաբուժ» ԲԿ» ՓԲԸ-ի
հակահամաճարակային ծառայության պետ
Գ. Ղուկասյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության
հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների
ծրագրի համակարգող (խորհրդակցական ձայնի իրավունքով)
Լ. Պարոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության
վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների
համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 12-ի N 963-Ա
որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՆԵՐԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին և Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալն է:
3. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ: Հանձնաժողովի անդամն արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ կարող է դիմել հանձնաժողովի նախագահին:
4. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
5. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
6. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:
III. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:
8. Հանձնաժողովի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
10. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Հանձնաժողովի նպատակները`
1) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ծրագրի իրականացման գործընթացներին օժանդակելն է.
2) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ծրագրի իրականացման գնահատումն է.
3) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ մշակելն է:
12. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջոցառումների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ շահագրգիռ մարմինների համագործակցությունն ամրապնդելը.
3) մարզային մակարդակում, ինչպես նաև շահագրգիռ կառույցներում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ծրագրերի ներդրման ապահովումը.
4) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջոցառումների դիտարկման, գնահատման և կատարված աշխատանքների տարեկան ամփոփումը:
13. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ուղղությամբ շահագրգիռ մարմինների համագործակցությունը համակարգելը.
2) մարզային մակարդակում (մարզպետների հաստատմամբ), ինչպես նաև շահագրգիռ կառույցներում (կառույցների ղեկավարների հաստատմամբ) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու ծրագրերի մշակումը և ներդրումը համակարգելը.
3) մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջոցառումների դիտարկման, գնահատման և կատարված աշխատանքների մասին տարեկան զեկույցի պատրաստումը և հրապարակումը:
14. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:
16. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
17. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:
18. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.
2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք.
3) մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
22. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին:
23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան