Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողի իրավունքներն ու պարտականությունները
1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն`
1) գնահատման ընթացքում անշարժ գույքի գնահատման պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.
2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու և պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու անշարժ գույքի գնահատման իրականացումից.
3) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար.
4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.
5) անշարժ գույքի գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.
6) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են`
1) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ, կնիքով (կնիքի առկայության դեպքում) և ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.
2) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից անշարժ գույքի գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ միասին` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա անշարժ գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել համապատասխան մարմիններին.
4) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել դրա պատճենը:
3. Գնահատողն իրավունք ունի`
1) գնահատման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կիրառելու անշարժ գույքի գնահատման այլ մեթոդներ.
2) օգտվելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:
4. Գնահատողը պարտավոր է`
1) անշարժ գույքի գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտով և օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) որակավորման վկայականի բնօրինակը պահպանել խնամքով և փակցնել պատվիրատուների համար տեսանելի տեղում.
3) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ.
4) կատարել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պարտականությունները.
5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:»: