Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՎՃԻՌԸ «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 155 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վճիռընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 155 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վ Ճ Ի Ռ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ3/0351/05/11

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (Վեդու նստավայր)

Նախագահությամբ դատավոր՝ Ա. Պողոսյանի

Քարտուղարությամբ՝ Լ. Օհանյանի

Մասնակցությամբ`

հայցվոր` Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով հասցե` քաղաք Երևան, Իսահակյան 28

ներկայացուցիչ` Արտակ Սարգսյան

պատասխանող` «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ` 08908667) հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Անդրանիկի 3, բնակարան 22

Վեդի քաղաքում դռնբաց դատական նիստում քննեց (գործի քննությունը հայտարարվել է ավարտված 2012 թվականի փետրվարի 6-ին, վճիռը հրապարակվել է 2012 թվականի փետրվարի 6-ին) վարչական գործը, ըստ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) հայցի ընդդեմ «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն)` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին:

Հայցի առարկան և հիմքը, ներկայացված դիմումներն ու միջնորդությունները

Հայցի առարկան կազմող պահանջները

Ուժը կորցրած ճանաչել «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 155 առ 10.01.2011թ. լիցենզիան:

Հայցի հիմքը կազմող հանգամանքները

Պատասխանող կողմը չի կատարել օրենսդրությամբ և լիցենզիայով իր ստանձնած պարտավորությունները` մինչև 10.06.2011 թվականը չի տեղադրել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները և հեռարձակման ցանցերը, և մինչև 10.06.2011 թվականը չի սկսել հեռարձակումը, ինչպես նաև չի ներկայացրել համապատասխան ապացույցներ իր պարտավորությունների կատարման անհնարինության վերաբերյալ: Եվ Հանձնաժողովը, գործելով օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններով, ընդունել է համապատասխան որոշում` տրամադրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հայցով դատարան դիմելու մասին:

Հայցի առարկայի օրինական լինելու հաստատման համար հայցվորի կողմից վկայակոչված նյութաիրավական և դատավարական իրավական ակտերի դրույթները

1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36, 37, 44, 58, 61, 62-րդ հոդվածներ.

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդված.

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1, 3-րդ հոդվածներ:

Հայցադիմումի պատասխանի համառոտ բովանդակությունը

Հայցադիմումի պատասխան օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել:

Դատաքննության ընթացքում ներկայացված բացման խոսքերը, դիմումները, միջնորդությունները և հետազոտված ապացույցները

1. Հայցվոր կողմի բացման խոսքի համառոտ բովանդակությունը

Հայցվորը, պատշաճ ծանուցված լինելով 06.02.2012 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին (հիմք` փոստային ծառայության կողմից առաքանին ստանալու մասին ծանուցագիր, գ.թ. 61-63), չէր ներկայացել դատական նիստին, սակայն 30.01.2012 թվականի թիվ 01-42 միջնորդությամբ (գ.թ. 71) խնդրել է իր բացակայությամբ գործը քննելու մասին, ուստի դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հայցվորի միջնորդությունը բավարարել և գործը քննել հայցվորի բացակայությամբ:

2. Պատասխանող կողմի բացման խոսքի համառոտ բովանդակությունը

Պատասխանողը, պատշաճ ծանուցված լինելով 06.02.2012 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին (հիմք` փոստային ծառայության կողմից առաքանին ստանալու մասին ծանուցագիր, գ.թ. 64-66), չէր ներկայացել դատական նիստին, սակայն 25.01.2012 թվականի միջնորդությամբ հայցն ընդունել է ամբողջությամբ ու խնդրել իր բացակայությամբ գործը քննելու մասին (գ.թ. 70), ուստի դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց պատասխանողի միջնորդությունը բավարարել և գործը քննել պատասխանողի բացակայությամբ:

3. Գրավոր ապացույցները

Դատաքննության ընթացքում հրապարակվեցին և հետազոտվեցին գրավոր ապացույցները:

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Հետազոտելով և գնահատելով վարչական գործում առկա բոլոր գրավոր ապացույցները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` Վարչական դատարանը եզրակացրեց, որ հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման ամբողջությամբ հետևյալ պատճառաբանությամբ.

1. Դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և ապացույցները, որոնց վրա հիմնվում են դատարանի հետևությունները

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով սույն գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»): Նույն օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների 1-ին մասերի ուժով դատարանը օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչպես նաև անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում դիմել դատարան` լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, ինչպես նաև խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Նույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը սահմանում է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ:

Համաձայն նույն հոդվածի 2-4-րդ մասերի` «2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Ազգային հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Ազգային հանձնաժողովի որոշմամբ:»:

Ըստ նույն օրենքի 62-րդ հոդվածի 7-8-րդ մասերի` «7. Հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո` վեցամսյա ժամկետում, լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրականացրած` հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:

8. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:»:

Լիցենզավորման ենթակա հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում լիցենզավորող լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հանձնաժողովը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը, ինչպես նաև այն, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզան ուժը կորցրած ճանաչելու մհջոցով: Նույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենցավորող մարմնհ դիմումի համաձայն («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մաս):

Այս իրավադրույթի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի թիվ ՎԴ4/0079/05/09 վարչական գործով կայացրած որոշման մեջ ամրագրվել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «… Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը` լիազոր մարմնի դիմումի հիման վրա, դադարեցվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ` լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է, դադարեցվել է անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կամ մահացել է ֆիզիկական անձը, լիցենզավորված անձը դիմել է այն դադարեցնելու խնդրանքով:»:

Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից 10.01.2011 թվականին Ընկերությանը տրվել է հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 155 լիցենզիան (գ.թ. 36), որից հետո պատասխանողի կողմից չեն կատարվել վերոնշյալ պարտականությունները:

Պատասխանողի տնօրեն Ն. Ավագյանը 25.01.2012 թվականի միջնորդությամբ հայցապահանջն ընդունել է ամբողջությամբ (գ.թ. 70)։ Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը: Այդ դեպքում դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը: Տվյալ պարագայում պահանջի ընդունումը Վարչական դատարանը համարում է իրավաչափ:

Բացի այդ, պատասխանողի կողմից օրենքով սահմանված ժամկետում դատարան չի ներկայացվել հայցադիմումի պատասխան: Պատասխանողը, պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել նաև դատական նիստին: Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասի` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Տվյալ պարագայում պատասխանողի կողմից դատարան հայցադիմումի պատասխան չներկայացնելը, ինչպես նաև նրա դատավարական անգործությունը դատարանը գնահատում է որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Այսպիսով, հայցվորի պահանջը հիմնավոր է, բխում է վերոշարադրյալ իրավական նորմերի հրամայական պահանջներից, ուստի այս ամենը, որպես իրավական հետևանք, հանգեցնում է 10.01.2011 թվականին տրված թիվ 155 լիցենզիայի գործողության դադարեցմանը:

2. Դատարանի կողմից չպարզված գործի հանգամանքները

Չպարզված (վիճելի) հանգամանքներ առկա չեն:

3. Ապացույցները մերժելու փաստարկները

Ապացույցները մերժելու փաստարկներ առկա չեն:

4. Գործով կիրառման ենթակա իրավական ակտերը

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 37-րդ հոդվածներ.

2. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ, 61-րդ հոդվածի 1-4-րդ, 62-րդ հոդվածի 7-8-րդ մասեր.

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մաս, 22-27-րդ հոդվածներ, 83-րդ հոդվածի 8-րդ մաս, 101-րդ հոդված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 229-րդ հոդվածների պահանջներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել ամբողջությամբ` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 10.01.2011 թվականին «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 155 լիցենզիան:

Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

«ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ գումար` որպես նախապես չվճարված պետական տուրք: Դատական մյուս ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

Դատական ծախսերի փոխհատուցման վճարումը պետք է կատարվի սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական ակտի հարկադիր կատարման կարգով:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան:

Դատավոր Ա. Պողոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։