«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1999 թվականի N 714
քաղ. Երևան
ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 01 ենթախմբի 2-րդ կետով նախատեսված միջոցների բաշխումն ըստ համայնքների իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածին համապատասխան ապահովել բնակարանային պայմանների բարելավման համար հատկացվելիք միջոցների բաշխումն ըստ համայնքների` նկատի ունենալով զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարաններով ապահովումը.
բ) զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու նպատակով գնել բնակարաններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը հաստատելու մասին» N 45 որոշմանը համապատասխան.
գ) զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսելու համար մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տվյալներ նախարարության կողմից հաստատված ձևերին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` այն համայնքներում, որտեղ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և այլ ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է բնակարանային շինարարություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարաններով ապահովել նաև զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 26-ի N 714 որոշման
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եվ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ըստ մարզերի
_____________________________________________________________________
Մարզի անվանումը Հատկացված գումարը
(մլն դրամ)
_____________________________________________________________________
Երևանի քաղաքապետարան 70,3
Արագածոտն 8,0
Արարատ 9,3
Արմավիր 4,3
Գեղարքունիք 15,8
Կոտայք 4,9
Շիրակ 18,3
Սյունիք 13,5
Լոռի 15,9
Վայոց ձոր 2,7
Տավուշ 37,0
_____________________________________________________________________
Ընդամենը 200,0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան