Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը եվ կատարողները
Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը եվ կատարողները
1. Սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:
2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:
3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:
4. Սոցիալական վճարումներ են կատարում`
ա) գործատուները.
բ) վարձու աշխատողները.
գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):
դ) («դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
ե) («ե» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:
6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:
(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-245-Ն, լրաց., խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն)