Հոդված 12. -ի դրույթները հաշվի առնելով՝ պատերազմող կողմի՝ հակառակորդի իշխանության տակ հայտնված վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները կհամարվեն ռազմագերիներ, և նրանց նկատմամբ կկիրառվեն ռազմագերիներին վերաբերող միջազգային իրավունքի նորմերը: Գերեվարողն ըստ իր հայեցողության և նայած հանգամանքների կարող է որոշել՝ պահել նրանց, ուղարկել իր երկրի որևէ նավահանգիստ, չեզոք կամ նույնիսկ հակառակորդի որևէ նավահանգիստ: Վերջին դեպքում, իրենց երկրին հանձնված ռազմագերիները, պատերազմի ողջ ընթացքում չեն կարող մասնակցել ռազմական գործողություններին:
Հոդված 12-ի դրույթները հաշվի առնելով՝ պատերազմող կողմի՝ հակառակորդի իշխանության տակ հայտնված վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները կհամարվեն ռազմագերիներ, և նրանց նկատմամբ կկիրառվեն ռազմագերիներին վերաբերող միջազգային իրավունքի նորմերը: Գերեվարողն ըստ իր հայեցողության և նայած հանգամանքների կարող է որոշել՝ պահել նրանց, ուղարկել իր երկրի որևէ նավահանգիստ, չեզոք կամ նույնիսկ հակառակորդի որևէ նավահանգիստ: Վերջին դեպքում, իրենց երկրին հանձնված ռազմագերիները, պատերազմի ողջ ընթացքում չեն կարող մասնակցել ռազմական գործողություններին:
Հ ո դ վ ա ծ 17
Չեզոք նավահանգստում ափ իջեցված վիրավորները
Չեզոք նավահանգստում ափ իջած վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, տեղական իշխանության համաձայնությամբ, եթե միայն չեզոք տերությունը հակառակ պայմանավորվածություն չունի պատերազմող տերությունների հետ, պետք է պահվեն չեզոք տերության կողմից այնպես, որպեսզի այն դեպքերում, երբ դա պահանջում է միջազգային իրավունքը, նրանք չկարողանան դարձյալ մասնակցել պատերազմական գործողություններին:
Հոսպիտալացման և ներկալման ծախսերն ընկնում են այն տերության վրա, որին պատկանում են հիվանդները, վիրավորները կամ նավաբեկյալները:
Հ ո դ վ ա ծ 18
Մարտից հետո տուժածների որոնումը
Յուրաքանչյուր մարտից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերը անհապաղ ձեռք կառնեն բոլոր հնարավոր միջոցները` որոնելու և հավաքելու համար նավաբեկյալներին, վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանելու կողոպուտից ու վատ վերաբերմունքից և նրանց ապահովելու անհրաժեշտ խնամքով, ինչպես նաև որոնելու մահացածներին և թույլ չտալու դիակապտություն:
Ամեն անգամ, երբ հանգամանքները թույլ են տալիս, ընդհարման մեջ գտնվող կողմերը տեղական համաձայնություն կկնքեն` պաշարված կամ շրջափակված գոտուց վիրավորներին ու հիվանդներին ծովով տարահանելու, ինչպես նաև այդ գոտի` բժշկական և հոգևոր անձնակազմի և սանիտարական միջոցների անցկացման վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 19
Տվյալների գրանցումը և հաղորդումը
Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է հնարավոր ամենակարճ ժամկետում գրանցեն հակառակորդ կողմի` իրենց ձեռքն ընկած նավաբեկյալների, հիվանդների, վիրավորների և մահացածների ինքնությունը պարզելուն նպաստող բոլոր տվյալները:
Այդ տեղեկությունները պետք է, ըստ հնարավորին, արտացոլեն հետևյալ տվյալները.
ա) տերությունը, որին պատկանում է տվյալ անձը,
բ) զինվորական կամ անձնական համարը,
գ) ազգանունը,
դ) անունը կամ անունները,
ե) ծննդյան թիվը,
զ) անձնական վկայականի մեջ կամ ճանաչման մեդալիոնի վրա նշված մյուս բոլոր տեղեկությունները,
է) գերի ընկնելու կամ մահվան թվականը և տեղը,
ը) վիրավորվելուն, հիվանդությանը կամ մահվան պատճառներին վերաբերող տեղեկությունները:
Վերը հիշատակված տվյալները պետք է, ըստ հնարավորին, արագորեն հասցվեն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 122 հոդվածով նախատեսված տեղեկատու բյուրոյի գիտությանը, որը հովանավոր տերության և ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջնորդությամբ այդ տեղեկությունները կհանձնի այն տերությանը, որին պատկանում է այդ անձը:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պատրաստեն և այդ նույն բյուրոյի միջնորդությամբ միմյանց ուղարկեն մահվան վկայականները կամ մահացածների` հարկ եղածին պես հաստատված ցուցակները: Նրանք կհավաքեն և նույն բյուրոյի միջնորդությամբ միմյանց կհանձնեն կրկնակի ճանաչման մեդալիոնի կեսը, կամ մեդալիոնն ինքը, եթե այն սովորական է, կտակները և մահացածի ընտանիքի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, դրամը և, առհասարակ, մահացածի մոտ գտնված բոլոր այն առարկաները, որոնք ունեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ արժեք: Այդ, ինչպես նաև չճանաչված իրերը, կուղարկվեն կնքված փաթեթներով, որոնց կհավելվեն դրանց մահացած տերերի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները բովանդակող հայտարարությունը և փաթեթների պարունակության լրիվ ցանկը:
Հ ո դ վ ա ծ 20
Վերաբերմունքը մահացածների նկատմամբ
Ընդհարման մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մահացածների ջրասուզումը տեղի ունենա որքան հնարավոր է անհատապես և որպեսզի դրան նախորդի աճյունների ուշադիր և հնարավորության դեպքում՝ բժշկական զննում` մահվան արձանագրման, ինքնության հաստատման և հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Այն դեպքերում, երբ օգտագործվում է ճանաչման կրկնակի մեդալիոն, նշանի կեսը պետք է մնա դիակի վրա:
Եթե մահացածներն ափ են իջեցվել, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 21
Կոչ՝ չեզոք նավերին
Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են մարդասիրության կոչով դիմել չեզոք առևտրական նավերի, զբոսանավերի և փոքր նավերի նավապետներին, որպեսզի վերջիններս իրենց նավի վրա վերցնեն և խնամեն վիրավորներին, հիվանդներին կամ նավաբեկյալներին, ինչպես նաև հավաքեն մահացածներին:
Բոլոր տեսակի նավերը, որոնք կարձագանքեն այդ կոչին, ինչպես նաև նրանք, որոնք իրենց նախաձեռնությամբ կհավաքեն վիրավորներին, հիվանդներին ու նավաբեկյալներին, կօգտվեն առանձնահատուկ պաշտպանությունից և օժանդակությունից` իրենց օգնության առաքելությունը կատարելու համար:
Ոչ մի դեպքում դրանք չեն կարող զավթվել նման փոխադրման համար, սակայն, եթե նրանց այլ բան չի խոստացվել, նրանք կարող են զավթվել չեզոքության խախտման համար, որ նրանք կարող են կատարել:
Գլուխ 3
Նավ-հոսպիտալները
Հ ո դ վ ա ծ 22
Ռազմական նավ-հոսպիտալների ծանուցումը և պաշտպանությունը
Ռազմական նավ-հոսպիտալները, այսինքն այն նավերը, որոնք տերությունների կողմից կառուցվել կամ սարքավորվել են հատկապես կամ միմիայն վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին օգնություն և բուժօգնություն ցույց տալու և տեղափոխելու նպատակով, ոչ մի դեպքում չեն կարող հարձակման կամ զավթման ենթարկվել, այլ մշտապես պետք է օգտվեն հարգանքից և պաշտպանությունից, պայմանով, որ դրանց անվանումները և բնութագրերը հաղորդվեն ընդհարման մեջ գտնվող կողմերին` գործածությունից 10 օր առաջ:
Հաղորդման մեջ բովանդակվող տվյալներում պետք է նշվեն գրանցված բրուտտո-տոննաժը, նավի երկարությունը նավաքթից մինչև նավախել և կայմերի ու ծխնելույզների թիվը:
Հ ո դ վ ա ծ 23
Ափամերձ սանիտարական հաստատությունների պաշտպանությունը
Ափամերձ հաստատությունները, որոնք գտնվում են 1949 թվականի օգոստոսի 12-ի «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» Ժնևի կոնվենցիայի հովանու ներքո, չպետք է ծովի կողմից հարձակման կամ գնդակոծման ենթարկվեն:
Հ ո դ վ ա ծ 24
Փրկարար ընկերությունների և մասնավոր անձանց նավ-հոսպիտալները:
I. Ընդհարման կողմին պատկանող
Կարմիր խաչի ազգային ընկերությունների, պաշտոնական ճանաչում ունեցող փրկարար ընկերությունների կամ մասնավոր անձանց կողմից օգտագործվող նավ-հոսպիտալներն օգտվում են նույն հովանավորությունից, ինչ ռազմական նավ-հոսպիտալները և չեն կարող զավթման ենթարկվել, եթե ընդհարման մեջ գտնվող կողմը, որից նրանք կախված են, նրանց պաշտոնական առաջադրանք է տվել, և եթե հոդված 22-ում նախատեսված պայմանները կատարվել են:
Այս նավերը պետք է ունենան համապատասխան իշխանություններից տրված փաստաթուղթ, որը հավաստի, որ նրանց զինավորումը և մեկնումը կատարվել է տվյալ մարմնի հսկողության ներքո:
Հ ո դ վ ա ծ 25
II. Չեզոք երկրներին պատկանող
Չեզոք երկրների Կարմիր խաչի ազգային ընկերությունների, պաշտոնական ճանաչում ունեցող փրկարար ընկերությունների կամ մասնավոր անձանց կողմից օգտագործվող նավ-հոսպիտալներն օգտվում են նույն հովանավորությունից, ինչ ռազմական նավ-հոսպիտալները և չեն կարող զավթման ենթարկվել` պայմանով, որ նրանք իրենց դնեն ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի ենթակայության տակ` իրենց պետության նախնական համաձայնությամբ և տվյալ կողմի թույլտվությամբ, և եթե ապահովեն հոդված 22-ում նախատեսված պահանջները:
Հ ո դ վ ա ծ 26
Տոննաժը
22, 24, 25 հոդվածներով նախատեսված հովանավորությունը տարածվում է ցանկացած տոննաժի նավ-հոսպիտալների, նրանց փրկարար մակույկների վրա` անկախ նրանց գտնվելու վայրից: Այնուամենայնիվ առավելագույն հարմարավետության և ապահովության նպատակով ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է ջանան վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների փոխադրումը մեծ հեռավորություններով և բաց ծովով կազմակերպել 2000 բրուտտո-տոննայից ավելի ջրատարողությամբ նավ-հոսպիտալներով:
Հ ո դ վ ա ծ 27
Մերձափնյա փրկարար նավակները
Նույն պայմաններով, որոնք նախատեսված են 22 և 24 հոդվածներով, փոքր նավերը, որոնք օգտագործվում են պետության կամ պաշտոնապես ճանաչված փրկարար ընկերությունների կողմից` մերձափնյա փրկարար գործողությունների ժամանակ, նույնպես օգտվում են հարգանքից և հովանավորությունից այն չափով, որ չափով թույլ են տալիս օպերատիվ պահանջները:
Նույն բանը հնարավորության սահմաններում վերաբերում է մշտական ափամերձ կառույցներին, որոնցից բացառապես օգտվում են փոքր նավերը` իրենց մարդասիրական գործողությունների կատարման ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 28
Նավերի լազարեթների պաշտպանությունը
Ռազմանավերի վրա մարտի ընթացքում հարկ է լազարեթները հնարավորության սահմաններում պահպանել և խնայել: Այս լազարեթները և նրանց սարքավորումները ենթարկվում են պատերազմական օրենքների գործողությանը, սակայն չեն կարող այլ նպատակի ծառայել, քանի դեռ դրանք անհրաժեշտ են վիրավորներին և հիվանդներին: Այնուամենայնիվ հրամանատարը, որին դրանք ենթարկվում են, կարող է դրանք տնօրինել անհապաղ ռազմական անհրաժեշտության դեպքում` նախապես ապահովելով այնտեղ բուժվող վիրավորների և հիվանդների վիճակը:
Հ ո դ վ ա ծ 29
Գրավյալ նավահանգստում հայտնված նավ-հոսպիտալը
Ամեն նավ-հոսպիտալ, որ գտնվում է թշնամու տիրապետության տակ անցած նավահանգստում, պետք է թույլտվություն ստանա դուրս գալ այդ նավահանգստից:
Հ ո դ վ ա ծ 30
Նավ-հոսպիտալների և նավակների օգտագործումը
22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերն օգնություն և աջակցություն են ցույց տալիս վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին՝ առանց ազգային խտրականության:
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են այս նավերը չօգտագործել որևէ ռազմական նպատակով:
Այս նավերը ոչ մի կերպ չպետք է խանգարեն մարտնչող կողմերի շարժումներին:
Մարտի ընթացքում և դրանից հետո նրանք գործում են ըստ իրենց պատասխանատվության:
Հ ո դ վ ա ծ 31
Վերահոսկողության և այցի իրավունքը
Ընդհարման մեջ գտնվող կողմերն իրավունք ունեն վերահսկելու և զննելու 22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը: Նրանք կարող են հրաժարվել այդ նավերի օգնությունից, նրանց հրամայել հեռանալ, նրանց պարտադրել հետևելու որոշակի ուղղության, վերահսկողություն սահմանել նրանց ռադիոսարքավորումների և կապի մյուս միջոցների նկատմամբ և նույնիսկ նրանց պահել առավելագույնը 7 օր` զննման պահից սկսած, եթե իրավիճակի բարդությունն այդ է պահանջում:
Նրանք կարող են ժամանակավորապես նավի վրա կոմիսար նշանակել, որի միակ պարտականությունը կլինի հսկել նախորդ պարբերությունում նշված դրույթների հիման վրա տրված հրամանների կատարմանը:
Հնարավորության սահմաններում ընդհարման մեջ գտնվող կողմերը նավ-հոսպիտալի նավապետին հասկանալի լեզվով նավ-հոսպիտալի մատյանում կնշեն այն հրամանները, որ իրենք նրան կտան:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են միակողմանիորեն կամ հատուկ համաձայնությամբ իրենց նավ-հոսպիտալների վրա նշանակել չեզոք դիտորդներ, որոնք արձանագրեն սույն Կոնվենցիայի դրույթների հստակ կիրառումը:
Հ ո դ վ ա ծ 32
Չեզոք նավահանգստում գտնվելը
22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը չեն հավասարեցվում ռազմական նավերին` չեզոք նավահանգստում նրանց գտնվելու առումով:
Հ ո դ վ ա ծ 33
Նավ-հոսպիտալների վերածված առևտրական նավերը
Առևտրական նավերը, որոնք կվերածվեն նավ-հոսպիտալների, չեն կարող այլ նպատակներով օգտագործվել պատերազմական գործողությունների ողջ ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 34
Հովանավորության դադարեցումը
Նավ-հոսպիտալների և նավերի լազարեթների վրա տարածվող հովանավորությունը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն իրենց մարդասիրական պարտականություններից բացի այնպիսի գործողություններում, որոնք ուղղված լինեն հակառակորդի դեմ: Սակայն այդ հովանավորությունը կդադարի միայն համապատասխան զգուշացումից հետո, որը, բոլոր անհրաժեշտ դեպքերում, կսահմանի խելամիտ ժամկետ և այն բանից հետո, երբ այն արդյունք չտա:
Մասնավորապես նավ-հոսպիտալները չեն կարող գաղտնի կոդ ունենալ իրենց ռադիոհաղորդչի կամ ցանկացած այլ կապի միջոցի համար:
Հ ո դ վ ա ծ 35
Հանգամանքները, որոնք հովանավորության դադարեցման հիմք չեն կարող լինել
Որպես նավ-հոսպիտալները կամ նավի լազարեթները անհրաժեշտ հովանավորությունից զրկող հանգամանքներ չեն դիտարկվի.
1) այն փաստը, որ նավի կամ լազարեթի անձնակազմը զինված է և զենքն օգտագործում է կարգուկանոնի պահպանման, ինքնապաշտպանության կամ վիրավորներին ու հիվանդներին պաշտպանելու նպատակով,
2) այն փաստը, որ նավի վրա կան սարքեր, որոնք բացառապես նախատեսված են նավարկությունը և կապն ապահովելուն,
3) այն փաստը, որ նավ-հոսպիտալների վրա կամ նավի լազարեթներում գտնվում են ձեռքի զենքեր և զինամթերք` վերցված վիրավորներից, հիվանդներից և նավաբեկյալներից, և որոնք դեռևս չեն հանձնվել պատկան ծառայություններին,
4) այն փաստը, որ նավ-հոսպիտալների և նավի լազարեթների և դրանց անձնակազմերի մարդասիրական գործունեությունը տարածվում է վիրավոր, հիվանդ կամ նավաբեկյալ քաղաքացիական անձանց նկատմամբ,
5) այն փաստը, որ նավ-հոսպիտալները տեղափոխում են իրենց սովորական կարիքներից ավելի միջոցներ և անձնակազմ, որոնք բացառապես սանիտարական նպատակների համար են նախատեսված:
Գլուխ 4
Անձնակազմը
Հ ո դ վ ա ծ 36
Նավ-հոսպիտալների անձնակազմի պաշտպանությունը
Նավ-հոսպիտալների հոգևոր, բժշկական և հոսպիտալային անձնակազմը և նրանց մնացած անձնակազմը հարգանք և հովանավորություն են վայելում. նրանք չեն կարող գերեվարվել նավի վրա իրենց ծառայության ընթացքում, անկախ այն հանգամանքից` վիրավորներ ու հիվանդներ կան դրա վրա, թե ոչ:
Հ ո դ վ ա ծ 37
Այլ նավերի սանիտարական և հոգևոր անձնակազմը
Հոգևոր, բժշկական և հոսպիտալային անձնակազմը, որը նախատեսված է 12 և 13 հոդվածներում նշված անձանց բժշկական և հոգևոր սպասարկումն ապահովելու համար, այն դեպքում, երբ ընկնի
թշնամու ձեռքը, պետք է վայելի հարգանք և հովանավորություն. նա կկարողանա շարունակել իր պարտականությունների կատարումն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է վիրավորների և հիվանդների խնամքի համար: Այնուհետև անձնակազմը հետ պետք է ուղարկվի, հենց որ գլխավոր հրամանատարը, որի իշխանության ներքո գտնվում է, դա հնարավոր համարի: Նավը թողնելիս նա իր հետ կարող է տանել իր անձնական սեփականությունը հանդիսացող իրերը:
Եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում այս անձնակազմի մի մասին պահել նավի վրա` ռազմագերիների սանիտարական կամ հոգևոր կարիքները հոգալու նպատակով, բոլոր միջոցները կձեռնարկվեն նրանց հնարավորին չափ արագ ափ իջեցնելու համար:
Ափ իջնելուց հետո պահված անձնակազմի վրա տարածվում են «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի դրույթները:
Գլուխ 5
Սանիտարական տրանսպորտները
Հ ո դ վ ա ծ 38
Սանիտարական նյութեր և միջոցներ տեղափոխելու համար վարձված նավերը
Այս նպատակով վարձված նավերին թույլ կտրվի տեղափոխել բացառապես զինված ուժերի վիրավորների և հիվանդների բուժսպասարկման և հիվանդությունների կանխարգելման համար նախատեսված նյութեր և միջոցներ, պայմանով, որ նրանց երթուղու հետ կապված տվյալները հաղորդվեն հակառակորդ տերությանը, և նա տա իր համաձայնությունը: Հակառակորդ տերությունն իրավունք ունի նավերի զննում կատարել, սակայն չի կարող զավթել նավերը կամ բռնագրավել տեղափոխվող նյութերն ու միջոցները:
Ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ համաձայնեցնելով՝ նավերի վրա կարող են տեղավորվել չեզոք դիտորդներ` տեղափոխվող նյութերն ու միջոցները ստուգելու նպատակով: Այդ նպատակով նյութերը պետք է նրանց մատչելի լինեն:
Հ ո դ վ ա ծ 39
Սանիտարական թռչող ապարատները
Սանիտարական թռչող ապարատները, այսինքն բացառապես վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների տարահանման, ինչպես նաև բուժանձնակազմի և միջոցների փոխադրման համար օգտագործվող սարքերը հարձակման չեն ենթարկվի, այլ հարգանքի կարժանանան ընդհարման մեջ գտնվող կողմերից այն թռիչքների ընթացքում, որոնք կկատարվեն ընդհարման մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև հատուկ համաձայնեցված բարձրությամբ, ժամերին և երթուղիներով:
Դրանք կկրեն 41 հոդվածով նախատեսված պարզորոշ երևացող տարբերանշան` ազգային գույների կողքին, ստորին, վերին և կողերի հարթություններում: Դրանք կկրեն ցանկացած այլ ազդանշան կամ տարբերիչ նշան, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը համաձայնությամբ կսահմանեն ռազմական գործողությունների սկզբում կամ ընթացքում:
Բացի հակառակ բնույթի համաձայնության դեպքերի, հակառակորդի տարածքի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքի վրայով թռչելն արգելվում է:
Սանիտարական թռչող ապարատները պետք է ենթարկվեն վայրէջքի կամ ջրի վրա իջնելու ցանկացած պահանջի: Պարտադրված վայրէջքից կամ ջրի վրա իջնելուց հետո թռչող ապարատը` իր ուղևորներով հանդերձ, կարող է շարունակել թռիչքը` հնարավոր ստուգումից հետո:
Թշնամու տարածքում կամ թշնամու կողմից գրավված տարածքում թռչող ապարատի հարկադրական վայրէջքի կամ ծովի վրա իջնելու դեպքում վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, ինչպես նաև թռչող ապարատի անձնակազմը, դառնում են ռազմագերիներ: Բուժանձնակազմի հետ կվարվեն 36 և 37 հոդվածների համաձայն:
Հ ո դ վ ա ծ 40
Թռիչքը չեզոք երկրների տարածքով: Սանիտարական ապարատից իջեցված վիրավորները
Ընդհարման մեջ գտնվող կողմերի սանիտարական թռչող ապարատները կարող են սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ շարադրված պայմանները պահպանելով՝ թռչել չեզոք տերությունների տարածքով և, անհրաժեշտության դեպքում կամ միջանկյալ կանգառի համար, այնտեղ վայրէջք կատարել: Նրանք պետք է չեզոք տերություններին նախապես տեղյակ պահեն նրանց տարածքով իրենց թռիչքի մասին և ենթարկվեն վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու ամեն մի պահանջի: Նրանք հարձակումից պաշտպանված կլինեն միայն այն դեպքում, եթե թռչեն ըստ այն բարձրությունների, ժամերի և երթուղիների, որոնք հատուկ սահմանված են ընդհարման մեջ գտնվող կողմերի և շահագրգիռ չեզոք տերությունների միջև կնքված համաձայնությամբ:
Սակայն չեզոք տերությունները կարող են սանիտարական թռչող ապարատների` իրենց տարածքով թռիչք կամ վայրէջք կատարելու վերաբերյալ սահմանել պայմաններ կամ սահմանափակումներ: Այդ հնարավոր պայմանները կամ սահմանափակումները հավասարապես կկիրառվեն բոլոր ընդհարման մեջ գտնվող կողմերի նկատմամբ:
Տեղի իշխանությունների համաձայնությամբ, չեզոք տարածքում սանիտարական թռչող ապարատից իջեցված վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, եթե չեզոք պետության և ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև չկա այլ բնույթի պայմանավորվածություն, պետք է չեզոք պետության կողմից պահվեն այնպես, որպեսզի այն դեպքերում, երբ դա պահանջում է միջազգային իրավունքը, նրանք չկարողանան կրկին մասնակցել ռազմական գործողություններին: Հոսպիտալացման և ներկալման ծախսերը պետք է կատարի այն տերությունը, որին պատկանում են այդ վիրավորները և հիվանդները:
Գլուխ 6
Տարբերանշանը
Հ ո դ վ ա ծ 41
Տարբերանշանի կիրառումը
Իրավասու զինվորական մարմնի հսկողության ներքո սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչի նշանը պատկերված կլինի դրոշների, թևկապերի, ինչպես նաև սանիտարական ծառայության հետ առնչվող բոլոր առարկաների վրա:
Սակայն այն երկրների վերաբերմամբ, որոնք կարմիր խաչի փոխարեն որպես տարբերանշան արդեն գործածում են սպիտակ ֆոնի վրա կարմիր մահիկը կամ կարմիր առյուծն ու արևը, այս նշանները հավասարապես թույլատրվում են սույն Կոնվենցիայի իմաստով:
Հ ո դ վ ա ծ 42
Սանիտարական և հոգևոր անձնակազմի ճանաչումը
36 և 37 հոդվածներում նշված անձնակազմը ձախ թևին կկրի խոնավությունից չփչացող տարբերանշանով թևկապ, որը տրվում և կնիքով հաստատվում է զինվորական իշխանությունների կողմից:
Այդ անձնակազմը, ի լրումն 19 հոդվածում նշված ճանաչման մեդալիոնների, կունենա նաև տարբերանշանով` անձնական հատուկ վկայական: Այդ վկայականը չպետք է փչանա խոնավությունից և պետք է լինի այնպիսի չափերի, որպեսզի կարելի լինի այն կրել գրպանում: Այն պետք է կազմված լինի համապատասխան երկրի լեզվով, և նրա մեջ պետք է նշվեն առնվազն դրա տիրոջ ազգանունը և անունը, ծննդյան թիվը, կոչումը և զինվորական համարը, ինչպես նաև, թե նա ինչ կարգավիճակով սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվելու իրավունք ունի: Վկայականում պետք է լինեն դրա տիրոջ լուսանկարը, ինչպես նաև նրա ստորագրությունը կամ մատնահետքերը, կամ՝ թե մեկը և թե մյուսը: Վկայականի վրա պետք է լինի զինվորական իշխանությունների ուռուցիկ կնիքը:
Անձնական վկայականը յուրաքանչյուր բանակում պետք է լինի միատեսակ և, որքան դա հնարավոր է, Բարձր պայմանավորվող կողմերի բոլոր բանակներում՝ միատիպ: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել այն նմուշով, որը որպես օրինակ կցված է սույն Կոնվենցիային: Ռազմական գործողությունների սկզբում նրանք միմյանց տեղյակ կպահեն իրենց կողմից ընդունված նմուշի մասին: Ամեն մի վկայական, ըստ հնարավորին, պետք է պատրաստված լինի երկու օրինակից ոչ պակաս, որոնցից մեկը կպահվի այն տերության կողմից, որին պատկանում է տվյալ անձը:
Ոչ մի դեպքում վերոհիշյալ անձնակազմը չի կարող զրկվել իր տարբերանշաններից կամ վկայականներից և թևկապ կրելու իրավունքից: Դրանք կորսվելու դեպքում նա իրավունք կունենա ստանալու վկայականների և տարբերանշանների կրկնօրինակները:
Հ ո դ վ ա ծ 43
Նավ-հոսպիտալների և նավակների նշումը
22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը հետևյալ ձևով են տարբերակվում.
ա) արտաքին բոլոր մակերեսները պետք է սպիտակ լինեն,
բ) մուգ կարմիր մեկ կամ մի քանի հնարավորին չափ մեծ խաչ պետք է պատկերված լինի նավի յուրաքանչյուր կողին, ինչպես նաև հորիզոնական մակերեսներին այնպես, որ ապահովվի լավագույն տեսանելիությունը ծովից և օդից:
Բոլոր նավ-հոսպիտալներն իրենց ճանաչել տալու նպատակով կբարձրացնեն իրենց ազգային դրոշը և, բացի այդ, եթե նրանք պատկանում են չեզոք պետության, այն ընդհարման մեջ գտնվող կողմի դրոշը, որի տրամադրության տակ իրենց դրել են: Մեծ կայմին հնարավորին չափ բարձր պետք է փողփողա սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչով դրոշը:
Նավ-հոսպիտալների փրկարար մակույկները, ափամերձ փրկարար նավակները, ինչպես նաև բժշկական ծառայության կողմից օգտագործվող բոլոր փոքր նավերը պետք է սպիտակ ներկվեն` պարզորոշ երևացող մուգ կարմիր խաչով, և, ընդհանուր առմամբ, նավ-հոսպիտալների համար վերը նշված տարբերիչ նշանները կիրառելի են նաև սրանց նկատմամբ:
Վերը նշված նավերը, որոնք գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում իրենց համար ցանկանում են ապահովել այն հովանավորությունը, որի իրավունքն ունեն, պետք է ընդհարման մեջ գտնվող այն կողմի համաձայնությամբ, որի տրամադրության տակ գտնվում են, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` իրենց գունավորումը և տարբերանշանները բավականին տեսանելի դարձնելու համար:
Նավ-հոսպիտալները, որոնք 31 հոդվածի համաձայն ժամանակավորապես պահվում են թշնամու կողմից, պետք է իջեցնեն այն ընդհարման մեջ գտնվող կողմի դրոշը, որին նրանք ծառայում են կամ որի ղեկավարության տակ դրվել են:
Ափամերձ փրկարար նավակները, եթե դրանք շարունակում են գործել գրավող տերության համաձայնությամբ գրավված կայանից, կարող են թույլտվություն ստանալ և շարունակել բարձրացնել իրենց ազգային դրոշը կարմիր խաչով դրոշի հետ մեկտեղ, երբ հեռանան իրենց կայանից, պայմանով, որ այդ մասին նախապես զգուշացվեն շահագրգիռ ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերը:
Սույն հոդվածի կարմիր խաչի նշանին վերաբերող բոլոր դրույթները հավասարապես կիրառելի են 41 հոդվածում նշված մյուս խորհրդանշանների նկատմամբ:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը մշտապես պետք է ջանան համաձայնությունների գալ, որպեսզի իրենց տրամադրության տակ եղած բոլոր ամենաարդիական մեթոդներն օգտագործեն սույն հոդվածում նշված նավերի ճանաչումը դյուրացնելու համար:
Հ ո դ վ ա ծ 44
Տարբերանշանների օգտագործման սահմանափակումը
43 հոդվածում նշված տարբերանշանները խաղաղ թե պատերազմի ժամանակ կարող են օգտագործվել միայն նշված նավերը տարբերակելու կամ պաշտպանելու համար, բացառությունները կարող են պայմանավորվել կամ որևէ այլ միջազգային կոնվենցիայով, կամ ընդհարման մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 45
Տարբերանշանների չարաշահումների կանխումը
Բարձր պայմանավորվող կողմերը, այն դեպքում եթե նրանց գործող օրենսդրությունը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն` մշտապես կանխելու և խափանելու 43 հոդվածում նշված տարբերանշանների չարաշահումները:
Գլուխ 7
Կոնվենցիայի կատարումը