Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-02-07-ից մինչև 2020-02-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-02-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2002 թվականի N 614-Ն

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին ու 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 3-րդ կետին համապատասխան`

1. Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վեճեր լուծող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. հոկտեմբերի 21

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2002 թ.

հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Վեճեր լուծող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն` ջրի ազգային խորհրդի կազմում:

2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում ջրային հարաբերություններում ծագած վեճերը լուծող մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, օգտագործելով միջնորդությունը, բոլոր կողմերի համաձայնությամբ, ջրային հարաբերություններում ծագած` ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերին վերջնական լուծում տվող միջնորդ ծառայելն է:

5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) լուծում է ջրային հարաբերություններում ծագած վեճերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը.

բ) առաջարկում է կողմերին, փոխադարձ համաձայնությամբ, մինչև հանձնաժողովի կողմից վեճի լուծման մասին որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ վեճը դատական կարգով լուծելուց.

գ) յուրաքանչյուր եռամսյակ ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.

դ) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից կարող է պահանջել և ստանալ վեճի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ.

ե) հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից:

(6-րդ կետը խմբ. 01.02.13 N 77-Ն)

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:

8. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի որոշումներին դեմ քվեարկած անդամի կարծիքը կցվում է որոշմանը:

Հանձնաժողովը գործի քննությունն սկսելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է ընդունել որոշում:

10. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու գրագրությունը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

11. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեության ոլորտին առնչվող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց առաքումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

12. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

բ) ստորագրում են հանձնաժողովի որոշումները.

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

13. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:

15. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 01.02.13 N 77-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2002 թ.

հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Վ. Նարիմանյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Վանյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ

Գ. Սարոյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Բաղդասարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

Ա. Պետրոսյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Մխիթարյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Հ. Եսայան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ս. Սրապյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ

Դ. Ստեփանյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ա. Մեսրոպյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության ուղղակի հարկերի բաժնի պետ

Գ. Մուրադյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 12.02.04 N 61-Ն, 13.10.04 N 666-Ն, փոփ., լրաց. 25.04.06 N 282-Ն, խմբ. 01.02.13 N 77-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։