Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՋՐԻ ՏԱԿ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ՋՐԻ ՏԱԿ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Կառավարությունները (այսուհետ` նախաձեռնող կողմեր),

իրենց գլխավոր նպատակը հռչակելով միջազգային հսկողության ներքո և Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին համապատասխան համընդհանուր և ամբողջական զինաթափման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրումը, ինչը վերջ կդնի սպառազինության մրցավազքին և կվերացնի բոլոր տեսակի զենքի արտադրության և փորձարկման խթանները` ներառյալ միջուկային զենքի արտադրությունն ու փորձարկումը,

ջանալով մեկընդմիշտ վերջ տալ միջուկային զենքի բոլոր փորձարկումային պայթյուններին և ռադիոակտիվ նյութերով շրջակա միջավայրի աղտոտմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

1. Սույն Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է արգելել, կանխել և դադարեցնել միջուկային զենքի փորձարկումային պայթյունները, ինչպես նաև ցանկացած այլ նպատակներով իրականացվող պայթյունները, իր իրավասության կամ հսկողության ներքո գտնվող հետևյալ գոտիներում.

ա) մթնոլորտում և դրա սահմաններից դուրս` ներառյալ տիեզերական տարածությունը, ստորջրյա տարածություններում` ներառյալ տարածքային ջրերը և բաց ծովը, կամ

բ) ցանկացած այլ միջավայրում, եթե իրականացվող պայթյունների հետևանքով ռադիոակտիվ նյութերի մնացորդները տարածվում են այն պետության տարածքից դուրս, որի իրավասության և հսկողության ներքո իրականացվում են այդ պայթյունները: Այս առնչությամբ հասկանալի է, որ սույն ենթակետի դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում միջուկային զենքի բոլոր տեսակի փորձարկումային պայթյունների (ներառյալ ստորգետնյա պայթյունները) անժամկետ արգելման մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, ինչին էլ և ձգտում են Կողմերը` համաձայն սույն Պայմանագրի ներածության:

2. Բացի այդ, սույն Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ձեռնապահ մնալ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված միջավայրերից որևէ մեկում, կամ նույն կետում նշված հետևանքները առաջացնող միջուկային զենքի փորձարկումային կամ ցանկացած այլ տեսակի պայթյունների իրականացումից, իրականացմանը սատարելուց կամ մասնակցելուց:

Հ ո դ վ ա ծ 2

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում: Առաջարկվող փոփոխության տեքստը ներկայացվում է ավանդապահ պետությունների Կառավարություններին, որոնք այն ներկայացնում են Պայմանագրի մյուս Կողմերին: Ապա, Կողմերի մեկ երրորդի և ավելիի առաջարկությամբ, ավանդապահ Կառավարությունները գումարում են համաժողով բոլոր Կողմերի մասնակցությամբ` առաջարկվող փոփոխությունը քննարկելու նպատակով:

2. Սույն Պայմանագրում ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի Կողմերի ձայների մեծամասնությամբ` ներառյալ նախաձեռնող պետությունները: Փոփոխությունները ուժի մեջ են մտնում բոլոր Կողմերի համար Կողմերի մեծամասնության կողմից վավերացման փաստաթղթերի ներկայացման պահից` ներառյալ նախաձեռնող պետությունների կողմից վավերացման փաստաթղթերի ներկայացումը:

Հ ո դ վ ա ծ 3

1. Սույն Պայմանագիրը բաց է ստորագրման համար ցանկացած պետության կողմից: Համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի, մինչ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը այն չստորագրած պետությունները կարող են միանալ ցանկացած ժամանակ:

2. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման ստորագրող պետությունների կողմից: Վավերացման և միանալու մասին փաստաթղթերը ներկայացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Կառավարություններին, որոնք այսուհետ կհամարվեն ավանդապահ պետություններ:

3. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում բոլոր նախաձեռնող պետությունների կողմից վավերացման և վավերացման փաստաթղթերը ի պահ տալու պահից:

4. Այն պետությունների համար, որոնց վավերացման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերացման և միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնման պահից:

5. Ավանդապահ Կառավարությունները անմիջապես տեղեկացնում են բոլոր ստորագրող և միացող պետություններին ստորագրման, վավերացման կամ միացման փաստաթղթի ներկայացման և սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին, ինչպես նաև այլ ծանուցումների ստացման մասին:

6. Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն, սույն Պայմանագիրը ենթակա է գրանցման ավանդապահ Կառավարությունների կողմից:

Հ ո դ վ ա ծ 4

Սույն Պայմանագիրը կնքվում է անսահմանափակ ժամկետով:

Ցանկացած Կողմ` իրագործելով իր ազգային ինքնորոշման իրավունքը, կարող է դուրս գալ Պայմանագրից, եթե այն որոշում է, որ Պայմանագրի կարգավորման առարկայի հետ առնչություն ունեցող ստեղծված արտակարգ իրավիճակը վտանգի տակ է դնում պետության գերագույն շահերը: Պայմանագրից դուրս գալու իր մտադրություն մասին պետությունը պետք է երեք ամիս առաջ ծանուցի մյուս բոլոր Կողմերին:

Հ ո դ վ ա ծ 5

Սույն Պայմանագրի անգլերեն և ռուսերեն կազմված օրինակները, որոնք երկուսն էլ հավասարազոր են, կպահպանվեն ավանդապահ Կառավարությունների արխիվներում: Ըստ սահմանված կարգի հաստատված օրինակները ավանդապահ Կառավարությունների կողմից կփոխանցվեն այլ Կողմերի:

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ ձևով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Պայմանագիրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում երեք օրինակից, 1963 թվականի օգոստոսի 5-ին:

* Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 7-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։