Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2000 թվականի N 774

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`

ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.

բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

ա) նշված տարածքի կադաստրային քարտեզագրման հողի և անշարժ գույքի գույքագրման ու գնահատման վերաբերյալ.

բ) սահմանված կարգով հողամասերը պետության կարիքների համար վերցնելու և դրանց վրա գտնվող անշարժ գույքի դիմաց հատուցման հարցերը կարգավորելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

Ծ Ր Ա Գ Ի Ր

Մինչև դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով և դիրքով Երևանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը և միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ալեքսանդր Թամանյանը` հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով` Հյուսիսային պողոտա անվամբ:

Ժամանակին շատերին անհավանական թվացող այդ մտահղացումն այսօր ընդունել է իրական ուրվագծեր:

20-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի քաղաքաշինական առաջին դոմինանտները` Ազգային Օպերային թատրոնը` Ազատության հրապարակով և Կառավարական շենքը` Հանրապետության հրապարակով, իրապես նշմարելի դարձնելով երկու հրապարակներն իրար կապող ամենակարճ ճանապարհի` Հյուսիսային պողոտայի իրականացման հնարավորությունը: Պողոտան իր ընդհանուր երկարությամբ` երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց կազմում է 6,5 կմ երկարության, որի շուրջ 85%-ն իրականացված է: Այս առանցքի վրա, բացի երկաթուղային կայարանի շենքից գտնվում են «Ռոսիա» կինոթատրոնը, Օղակաձև զբոսայգու վրա կառուցվող Երևանի Մայր Տաճարը, Կասկադ համալիրն իր հոյակերտ ճարտարապետությամբ:

Պողոտայի կենտրոնական հիմնական հատվածի չիրականացված մասը մոտ 400 մ երկարությամբ` երկու գլխավոր հրապարակները կապող Հյուսիսային պողոտայով կավարտի հորինվածքային գլխավոր շղթայի կազմավորումը:

Պողոտայի այս հատվածի նախագծային լուծման առաջին փորձը նախաձեռնվեց 60-ական թվականներին` փակ մրցույթով (Գ. Աղաբաբյան, Մ. Մազմանյան և Է. Սարապյան) պողոտան, որպես հրապարակների շարք առաջարկությամբ:

70-ական թվականներին` կազմակերպվեց համամիութենական մրցույթ Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի խոշորագույն նախագծային ինստիտուտների մասնակցությամբ:

Արդյունքում «Երևաննախագիծ» ինստիտուտի կոլեկտիվին հանձնարարվեց մշակել տարածքի մանրամասն հատակագծման նախագիծը, որը հաստատվեց 1982 թ-ին:

Մրցույթային աշխատանքի թերություններն, առանց էական վերամշակման, փոխադրվեցին վերջնական ՄՀՆ-ի մեջ և հետագայում նոր, բաց մրցույթի անհրաժեշտություն առաջացրեցին:

1984 թ-ին ներկայացված 11 աշխատանքներից առաջին մրցանակը շնորհվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին` Գ. Մուշեղյանի ղեկավարությամբ կատարված աշխատանքին:

1996 թ. մշակվեց մրցութային նոր ծրագիր, սակայն մրցույթը չկայացավ:

1997 թ. քաղաքաշինական փոքր խորհուրդը որոշեց հենվել Թամանյանական հայեցակարգի վրա և «Երևաննախագիծ» ինստիտուտում մշակել նախագիծը: Հետագա իրադարձությունների զարգացումով խնդիրը տեղից չշարժվեց:

1999 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված նոր մրցույթը ևս չբերեց ցանկալի արդյունքների` ներկայացված ընդամենը երեք աշխատանքներն էլ որևէ հիմնավոր եզրակացության չհանգեցրին: Վերլուծելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ այդպես էլ չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն, որը երկու հրապարակների ճարտարապետական համալիրները կկապեր ամբողջական մասշտաբային լուծումներով: Եվ քանի որ հարցի պատասխանատվությունը գիտակցում էին նախորդ բոլոր տասնամյակների ղեկավարները, ուստի սույն տարածքը մնում էր անձեռնմխելի ռեժիմի ներքո` կառուցապատման առումով:

Սույն թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական և կազմակերպչական նոր ռազմավարությունը, որի հակիրճ դրույթները կայանում են հետևյալում`

1. Պողոտայի կառուցապատման հրատապ անհրաժեշտությունը.

● Հին, խարխուլ բնակելի ֆոնդի վատթար, հակասանիտարահիգիենիկ պայմաններով:

● Երևանի բուն կենտրոնում արևելյան հետնախորշերով տարածքի վերակառուցման անհրաժեշտությամբ:

● Քաղաքական նոր պայմաններում համայն հայությանը նոր հազարամյակի շեմին համազգային կառույցի գաղափարի հիմքի վրա նորովի վերամիավորվելու անհրաժեշտությամբ, ներդրումների խթանման և հազարավոր աշխատատեղերի ստեղծման պահանջով:

Երևանը ձեռք կբերի գեղագիտական և ճարտարապետական նոր փայլ և կավարտվի Թամանյանական Երևանի քաղաքաշինական հիմնակմախքի ձևավորումը:

2. Պողոտայի կառուցապատման ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի հիմնական դրույթները.

ա) Հատակագծում

● Պողոտայի նախագծվող հատվածը հանդիսանում է քաղաքի գլխավոր փողոցը:

● Պողոտայի երկրաչափական առանցքը, նախկինում ուղղված է եղել դեպի կառավարության տան նիստերի չիրականացված դահլիճի ծավալը: Պատմության թանգարանի վերնաշենքի հետ կապված, ենթակա է աննշան սրբագրության, ելնելով հետևյալ նկատառումներից`

- Պողոտան միաձուլվելով Աբովյան փողոցի հետ շարունակվում է մինչև Հանրապետության հրապարակ, կազմելով մեկ ամբողջություն:

- Առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները:

● Պողոտայի կարմիր գծերն ընդունվում են 21 մ կամ 24 մ, ելնելով քաղաքի առաջին հատակագծի դրույթներից:

● Պողոտան ամբողջ երկայնքով նախատեսվում է որպես հետիոտն փողոց:

● Պողոտայի հատակագծումն ընդգրկում է նրան հարող բոլոր թաղամասերը և փողոցները, ներկայացված սահմաններով:

● Հատակագծում հատուկ նշանակություն է տրվում պողոտայի լայնակի տարածական կապերին ներքին թաղամասերի հետ, որտեղ ստեղծվում են առավելապես հասարակական սպասարկման հանգույցներ:

● Նախագծի ընդհանուր հատակագծում առանձնացվում է շինարարության առաջին հերթը, պողոտայի կարմիր գծերից 30-35 մ խորությամբ: Թաղամասերի մնացած մասերը` հատկապես Լալայանց փողոցը նախատեսվում է որպես ազգագրական իրերի ցուցադրման և վաճառքի գոտի:

բ) Տրանսպորտային և հետիոտն շարժման կազմակերպումը

● Պողոտան սպասարկող տրանսպորտային հաղորդակցության հիմնական փողոցներն են Նալբանդյան, Թումանյան, Տերյան, Պուշկինի և մասամբ Ամիրյան փողոցը:

● Տրանսպորտային մոտեցումից մինչև պողոտայի ցանկացած կետ, հետիոտն շարժման մատչելիությունը չի գերազանցում 25 մ (համաձայն գործող նորմերի):

● Պողոտայի հետիոտն գոտին հատում է Տերյան և Պուշկին փողոցները:

● Ապագայում նախատեսվում է Թումանյան փողոցը պողոտայի հատման մասում լուծել ստորգետնյա անցումով:

● Տերյան փողոցը վերակառուցվում է գլխավոր պողոտայի միջով Զաքյան փողոցի հետ միացնելու նպատակով:

● Պողոտայի օբյեկտների տրանսպորտային ծառայողական սպասարկումն իրականացվում է վերը նշված փողոցներից: Նույն ուղիներով են սպասարկվում նաև վերգետնյա և ստորգետնյա ժամանակավոր ավտոկանգառների մուտքերը, որոնց տարողունակությունը հաշվարկվում է ելնելով օբյեկտի կամ նրանց խմբերի պահանջներից:

գ) Կառուցապատման պարամետրերը

● Պողոտայի ֆունկցիոնալ բովանդակությունը, որպես քաղաքի գլխավոր փողոցի, կանխորոշվում է այստեղ բնակելի և հասարակական սպասարկման օբյեկտների, առևտրի և գործարարական հաստատությունների տեղադրմամբ:

● Պողոտայի ոչ մեծ երկարությունը պահանջում է կառուցապատման միասնություն, նպատակահարմար է դարձնում ընդհատումների առավելագույն կրճատումը:

● Կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է 20-25 մ սահմաններում, այսինքն Օպերայի երկրորդ հարկաշարքի առավելագույն բարձրությամբ (25 մ):

● Օպերայի առաջին հարկաշարքի բարձրությունը 13 մ է: Թատրոնի առջևի և Աբովյան փողոցի միացման հատվածի նիշերի տարբերությունը կազմում է 7 մ:

● Հաշվի առնելով շոգ բնակլիմայական պայմանները և պողոտայի հետիոտնային հագեցվածությունը, նպատակահարմար է շենքերի առաջին հարկերում սպասարկման օբյեկտների առջև պասաժների կազմակերպումը:

● Առաջարկվում է վերնահարկի տանիքները նախատեսել որպես ամառային հարթակներ, ֆունկցիոնալ բազմաբնույթ օգտագործումով:

● Հաշվի առնելով պողոտայի գծային բնույթը, նպատակահարմար համարելով բոլոր ինժեներական կոմունիկացիաները (բացի գազից) անցկացնել նկուղային հարկերի միջանցիկ ուղիներով:

● Պարտադիր նախատեսվում է բոլոր կառույցներում նվազագույնը երկու հարկով ստորգետնյա ավտոկանգառներ:

● Լալայանց փողոցը վերակառուցվում է երկու-երեք հարկանի կառույցներով, որպես ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն: «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակը Տերյան-Հյուսիսային պող. և Աբովյան-Հյուսիսային պող. հատվածներում կազմավորված եռանկյունին դիտարկվում է որպես քաղաքաշինական հիմնակմախք` հատումների յուրաքանչյուր մասում առանձնահատուկ թեմայով լուծումներ առաջարկելու համար:

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Ակտի պատկեր

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Ակտի պատկեր

3. Պողոտայի կառուցապատման մի շարք ցուցանիշներ.

● Պողոտայի երկարությունը 400 մ

● Պողոտայի լայնությունը 21 (24 մ)

● Պողոտայի կառուցապատման բարձրությունը 20-24 մ

● Կառուցապատման ֆունկցիոնալ բնույթը - բնակելի, հասարակական

և սպասարկման օբյեկտներ

● Լալայանց փողոցը - ազգագրական իրերի

ցուցասրահ, վաճառքի

հետիոտն գոտի

● Պողոտայի տրանսպորտային բնույթը - հետիոտն փողոց

● Պողոտայի ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը 9.8 հա

● Առաջին հերթի շինարարության տարածքի մակերեսը 4.0 հա

● Ամբողջ տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 200 000 քմ

● Առաջին հերթի շինարարության կառուցապատման ընդհանուր մակերեսը 112 000 քմ

● Պողոտայի ամբողջ տարածքի իրացման համար

անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 8 մլն ԱՄՆ դոլարին

համարժեք դրամ

● Պողոտայի առաջին հերթի շինարարության

տարածքների իրացման համար

անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 3.8 մլն ԱՄՆ դոլարին

համարժեք դրամ

● Ամբողջ տարածքի կառուցապատման համար

անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 120 մլն ԱՄՆ դոլարին

համարժեք դրամ

● Առաջին հերթին շինարարության համար

անհրաժեշտ ներդրումների ծավալը

- 67 մլն ԱՄՆ դոլարին

համարժեք դրամ

● Տարածքների մաքրումը հին ֆոնդի շինարարական աղբից - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

● Տարածքների բարեկարգում և ինժեներական

ենթակառուցվածքների իրականացում

- 5 մլն ԱՄՆ դոլարին

համարժեք դրամ

Ընդամենը

134 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

նԱՐԵԿ սԱՐԳՍՅԱՆ

Երևանի գլխավոր ճարտարապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։