Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգրքի 361-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
7. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
8. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»: