Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-14-րդ մասերով.
«10. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:
11. Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
12. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
13. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:
14. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`
1) սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպքում.
2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:»: