Հոդված 3
Հոդված 3.
ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը կամ անհատ ձեռնարկատերը`
1) տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, եթե անձը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ օրենքի համաձայն չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 1.1-ին կետով սահմանված դեպքում և կարգով, և գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում և կարգով.
1.1) օրացուցային տարվան նախորդող տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում՝ տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը կամ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պահից մինչև օրացուցային տարվա ավարտը (օրացուցային տարվա ընթացքում ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում ԱԱՀ վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից) կամ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշված տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունն իր հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ.
2) օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պահից մինչև օրացուցային տարվա ավարտը: Օրացուցային տարվա ընթացքում ԱԱՀ-ի շեմը գերազանցվելու դեպքում ԱԱՀ վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից.
3) օրացուցային տարվա այն պահից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, որ պահից անձը օրենքի համաձայն տվյալ օրացուցային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող.
4) ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշած տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե անձը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, սակայն իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ:
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության չափը սույն օրենքի կիրառման առումով համարվում է ԱԱՀ-ի շեմ:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է սույն օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում: Սույն պարբերությունում նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը որոշվում է`
ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,
բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության և ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած՝ ապրանքի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:
(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-208-Ն, լրաց. 15.04.11 ՀՕ-126-Ն, փոփ. 06.12.11 ՀՕ-334-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 12.11.13 ՀՕ-111-Ն)