Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
Հարցատոմսի յուրաքանչյուր հարցի պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:
Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:».
2) 10-րդ մասի երկրորդ պարբերության «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
3) 13-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել հանձնաժողովի ներկա գտնվող անդամների գնահատականների առավելագույն հնարավոր միավորների առնվազն 75 տոկոսը և մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:»: