ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 433-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2014 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուսակում նշված ճամբարներում 2014 թվականի հունիսի 20-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երեք հերթափոխով, 20-ական օրով.
2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2014 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2014 թվականի հունիսի 20-ից սկսելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. մայիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մայիսի 15-ի N 433-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան