Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ

Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը

1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:

2. Քաղաքացիական ծառայողի պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում առնվազն վեց` փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում քաղաքացիական ծառայող:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից պարգևատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

3.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական: Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրման և դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:

5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել դրանցով սահմանված աղբյուրներից և կարգով:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-210-Ն, լրաց., փոփ. 07.10.09 ՀՕ-182-Ն, փոփ., լրաց. 02.03.11 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ.13.11.12 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։