Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.1-ին հոդվածով.
«Հոդված 156.1. Արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման կասեցումը
1. Մաքսային մարմինները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնից կամ իրավապահ մարմնից, օրենսդրությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստացված տեղեկությունների հիման վրա կասեցնում են ֆիզիկական անձի կողմից արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը և կազմում են արձանագրություն 2 օրինակից՝ օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Արձանագրության մեկ օրինակ հանձնվում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին, իսկ մյուս օրինակը պահպանվում է մաքսային մարմնի մոտ:
2. Մաքսային մարմինները արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը կասեցնելուց հետո անմիջապես տեղեկացնում են համապատասխան տեղեկությունները տրամադրած, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազոր մարմնին կամ իրավապահ մարմնին:
3. Եթե մաքսային մարմինն արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցման պահից 30 օրվա ընթացքում չի ստանում լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի կայացրած որևէ որոշում (տեղեկացում), ապա մեկ օրվա ընթացքում որոշում է կայացնում արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը վերացնելու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին: Սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի կողմից վերացնելու մասին որոշում (տեղեկացում) ստանալու դեպքում կամ իրավապահ մարմնի կողմից կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի վրա կալանք կիրառելու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին: Կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը վերացնելու դեպքում նամակում պետք է նշվեն արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի հանձնելու կարգը, ինչպես նաև սահմանված ժամկետներում դրանք չստանալու հետևանքները։
5. Կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը ենթակա են պահպանության դրանց տեղափոխումը կասեցրած մաքսային մարմնի կողմից՝ օրենսդրական կամ գերատեսչական ակտի հիման վրա:
6. Հանձնման ենթակա կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի պահպանման առավելագույն ժամկետը կազմում է չորս ամիս, որի ընթացքում անձի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը չպահանջվելու դեպքում դրանք դառնում են պետության սեփականությունը՝ օրենսդրության համաձայն։
7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է փոստային առաքանու վրա նշված հանձնման օրվանից կամ մաքսային մարմնի կողմից փոստային առաքանու հանձնման անհնարինության մասին ծանուցման ստացման օրվանից։»: