Հոդված 1
Հոդված 1.
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար (այսուհետ` Տնօրեն), խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.
խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցելու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է` ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի.
նախասրահ` խաղասրահի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ անցկացվում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում տվյալների շտեմարան.
իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու.
միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.
նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն:»: