Հոդված 27
Հոդված 27.
Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված կամ արտոնագրային վճարներով կամ շրջանառության հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա`
1) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող են հաշվանցել (պակասեցնել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի), ստացված ծառայությունների` այսուհետ սույն հոդվածում` ձեռքբերումների) հարկային հաշիվներում, օրենքով սահմանված չափի սահմաններում հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային կտրոններում կամ կրճատ հաշիվ ապրանքագրերում (այսուհետ սույն հոդվածում` հարկային հաշիվներում), ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում (այսուհետ` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված և սույն օրենքի այլ հոդվածներին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է սույն օրենքի 23 կամ 43.1 հոդվածների հիմքով, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու.
2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.
3) հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցվում են հետևյալ կարգով`
ա) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց մատակարարներին կանխիկ վճարումները կատարվել են չպահպանելով սույն օրենքի 23-րդ հոդվածի սահմանափակումները, ամբողջությամբ պակասեցվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,
բ) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել կամ որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարներին համապատասխանող գործարքների գծով հետագա հաշվետու ժամանակաշրջանում կանխիկ վճարումները սույն օրենքի 23 հոդվածի սահմանափակումները չպահպանելով կատարելու դեպքում այդ գումարները ենթակա չեն հաշվանցման (այդ գումարների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ չեն կատարվում),
ե) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման` հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,
զ) ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով օրենքի 20, 23 և 43.1 հոդվածների համաձայն առկա են հաշվանցումներ կատարելու հիմքերը, հաշվանցվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով, իսկ չհարկվող գործարքների տեսակարար կշռով ենթակա են պակասեցման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից:
(27-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-276, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն, 25.05.11 ՀՕ-188-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-186-Ն)