Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից քաղվածքներ անել ու ստանալ պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետներն ու կարգը.
4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և այլ նյութեր.
2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.
3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը, պահեստը և այլ շինություններ), այնտեղ կատարել զննումներ.
5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել դա, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.
6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պահանջատիրոջ հաշվին.
8) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում դիմել կատարողական թերթ տված դատարանին` պարզաբանելու դրա կատարման կարգը.
9) օրենքով սահմանված կարգով հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ներքին գործերի մարմինների հետ.
10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:»: