Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հունիսի 2015 թվականի N 680-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված` Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքի քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը սահմանված է սույն կարգի N 1 հավելվածով:».

2) 11-րդ կետի՝

ա. երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տասն աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:»,

բ. չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բացասական եզրակացության դեպքում մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքը հետ է ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը թերություններն ուղղելու հնարավորության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղղում է դրանք և առաջադրանքը կրկին ներկայացնում մարզպետին:».

3) 13-րդ կետի երկրորդ նախադասությունը «ավարտից հետո» բառերից հետո լրացնել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 14-րդ կետի՝

ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացություն ստացած գոտևորման նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի: Հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա համայնքի ղեկավարն անհրաժեշտության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է գոտևորման նախագիծը և ներկայացնում մարզպետին` համաձայնեցման: Մարզպետն այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պետական մարմիններին` համաձայնեցման: Փորձաքննության բացասական եզրակացության դեպքում գոտևորման նախագիծը համարվում է մերժված: Մարզպետը և պետական մարմինները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում են գոտևորման նախագիծը կամ ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որը մարզպետը ներկայացնում է համայնքի ղեկավարին:»,

բ. երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքի ավագանին հաստատում է գոտևորման նախագիծը, եթե դրա վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, պետական մարմինների կողմից տրված եզրակացությունը դրական է, գոտևորման նախագիծը համաձայնեցված է մարզպետի հետ և պահպանված են սույն կարգով սահմանված պահանջները:»:

2. Հաստատել համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 680-Ն որոշման

«Հավելված N 1

Բնակավայրերի տարածքների

գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման և փոփոխման կարգի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ _______________

ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ---- մարզի --------- համայնքի տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` ելնելով համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունից:

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որպես կանոն, մշակվում և հաստատվում է գոտևորման նախագծի կազմում` հավելվածի տեսքով:

1.2. Համայնքի ավագանու որոշմամբ քաղաքաշինական կանոնադրությունը կարող է մշակվել նաև մինչև գլխավոր հատակագծի և (կամ) գոտևորման նախագծի մշակումը` որպես առանձին փաստաթուղթ: Այս դեպքում կանոնադրությունը կցվում է նախագծային առաջադրանքին և պարտադիր հաշվի է առնվում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման ընթացքում:

1.3. Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո քաղաքաշինական կանոնադրությամբ ամրագրված պայմանները ներառվում են համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով առաջադրանքի ձևի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:

II. ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

(Ճարտարապետության առանձնահատկությունները և շինարարության տեխնոլոգիաները)

2.1. Համայնքի տարածքում գտնվող կարևոր շենքերի և շինությունների ճարտարապետական ոճի, կրկնվող և հաճախ կիրառվող տարրերի, ճակատների ձևավորման առանձնահատկությունների, օգտագործված շինանյութի և կառուցման եղանակի նկարագրությունը:

2.2. Նկարագրությունը հիմնավորվում է համապատասխան լուսանկարներով, գծագրերով:

III. ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

3.1. Համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների նկարագրությունը, դրանց ներկայիս վիճակը, վերականգնման ու պահպանման հետ կապված խնդիրները:

3.2. Տվյալները հիմնավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներով, համապատասխան լուսանկարներով:

IV. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1. Նկարագրվում են համայնքի տարածքում գտնվող համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող շենքերը և շինությունները, բերվում են դրանց հետ առնչվող պատմությունները, ներկայացվում են շենքերի և շինությունների ներկա վիճակը, վերականգնման և պահպանման հետ կապված խնդիրները:

4.2. Տվյալները հիմնավորվում են համապատասխան լուսանկարներով, գծագրերով:

V. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

5.1. Թվարկվում են այն ճարտարապետական ոճերը, հնարքները, դեկորատիվ տարրերը, ճակատների ձևավորման առանձնահատկությունները, դռների, պատուհանների համաչափությունները, շինարարական նյութերը և կառուցման եղանակը, որոնք պահպանվելու են համայնքի տարածքում և խրախուսվելու են նոր շենքերի կառուցման ժամանակ:

1. Շենքերի և շինությունների ծավալային ու ճարտարապետահատակագծային լուծումներին, ինչպես նաև դրանց առանձին մասերին ներկայացվող պահանջները

ա. շենքի մասշտաբը, ճակատային լուծումներն ու դրանք շեշտադրող տարրերը (զարդաքանդակները, շքամուտքը (պորտալը), որմնախորշերը, շվաքարանները, քիվերը, կամարները և այլն),

………………………………..

բ. շենքի ճակատային մասի արտաքին բացվածքների (դռներ, պատուհաններ, ցուցափեղկեր) ձևավորումը,

………………………………..

գ. շենքի տանիքներն ու շենքերի հորիզոնական հարթությունները («հինգերորդ ճակատ»), ինչպես նաև ճակտոնները (ֆրոնտոնները), մանսարդները, ձեղնանցքները, եզրապատերը (պարապետները) և այլն,

………………………………..

դ. շվաքարանները (տենտերը, մարկիզաները),

………………………………..

ե. շենքի ճակատների և տանիքի հարդարման նյութերն ու երանգավորումը, արտաքին լուսավորությունը.

………………………………..

2. Փողոցների, անցումների, հետիոտն ճանապարհների ու հեծանվաուղիների (ճանապարհային ցանց), հրապարակների, ներքին բակերի, շքաբակերի (կուրդոնյերների) և հարթակների կառուցվածքին ու ձևավորմանը, ավտոկայանատեղիների կազմակերպմանը ներկայացվող պահանջները

ա. ճանապարհային ծածկույթը (նյութը, դեկորատիվ տարրերը և գունային լուծումները),

………………………………..

բ. համայնքն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառների ձևավորումը,

………………………………..

գ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ կահավորանքը (թեքահարթակներն ու հատուկ հարմարանքները` լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով),

………………………………..

դ. ֆունկցիոնալ ձևավորումը, կանաչապատումը և կահավորանքը (փոքր ճարտարապետական ձևեր կամ դեկորատիվ արվեստի նմուշներ, զրուցարաններ, շվաքարաններ, նստարաններ, շատրվաններ, դեկորատիվ ջրավազաններ, կանաչ տնկարկներ, այդ թվում` ուղղահայաց կանաչապատում և այլն),

………………………………..

ե. ճանապարհային ցանցին հարող պարիսպների, ցանկապատերի (այդ թվում` դալար ցանկապատերի) կառուցվածքին, նյութին ու ձևավորմանը ներկայացվող պահանջները.

………………………………..

3. Լանդշաֆտին, այգեպուրակային շինարարությանը և կանաչապատմանը ներկայացվող պահանջները

ա. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և հետիոտն շարժման ակտիվ գոտիների կանաչապատումն ու բարեկարգումը (փոքր ճարտարապետական ձևեր, ջրային մակերեսներ, շատրվաններ, նստարաններ, տաղավարներ, զրուցարաններ և բարեկարգման այլ տարրեր),

………………………………..

բ. այգեպուրակային շինարարության կազմը (հենապատեր, ծառուղիներ, հարթակներ, աստիճաններ, ինչպես նաև ծառեր, թփեր, սիզամարգեր, ծաղկաթմբեր և գալարվող բույսեր, դեկորատիվ բուսական ծածկույթ, բազմամյա և միամյա բույսերի տեսակներ, կանաչապատման և բարեկարգման այլ միջոցներ),

………………………………..

գ. անհրաժեշտության դեպքում` քամու դեմ պաշտպանական գոտու ստեղծման միջոցառումները (ծառատունկ, կանաչ ծածկույթների իրականացում տեղական ավանդական տնկանյութերի տեսակներից` տարբեր բարձրության բույսերի զուգակցմամբ),

………………………………..:»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։