Հոդված 23.4. Ապահովման միջոցների և ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարումը
Հոդված 23.4. Ապահովման միջոցների և ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարումը
1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին:
2. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:
3. Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը:
4. Բանկի կամ վարկային կազմակերպության մնացորդային ակտիվների նկատմամբ սնանկության գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:
Ռեգիստրում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պահանջներն ապահովված հիփոթեքային պարտատոմսերի նկատմամբ պահանջների հետ ընդգրկվում են պահանջների բավարարման միևնույն խմբում:
5. Թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և (կամ) լուծարային կառավարիչը կարող են հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնելու այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:
(23.4-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, փոփ. 27.10.16 ՀՕ-191-Ն)