Հոդված 19. ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոդված 19. ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրն ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
2. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագիրը պարտադիր կարգով պետք է պարունակի`
ա) բանկի ֆինանսական վիճակի գնահատականը.
բ) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց մասնակցության եղանակները բանկի ֆինանսական առողջացմանը.
գ) բանկի պահպանության ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները.
դ) լրացուցիչ եկամուտների ստացմանն ուղղված միջոցառումները.
ե) տարաժամկետված վարկերի և դեբիտորական պարտքերի վերադարձմանն ուղղված միջոցառումները.
զ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները.
է) ընթացիկ իրացվելիության և հիմնական կապիտալի բավարար մակարդակի, այլ տնտեսական նորմատիվների վերականգնման հետ կապված միջոցառումները.
ը) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման և ավելացման դեպքերը, կարգը, պայմանները և ժամկետները:
3. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրում կարող են ներառվել հետևյալ միջոցառումները`
ա) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները բանկի կանոնադրական կապիտալի ավելացման, վարկերի, փոխառությունների տրամադրման, ինչպես նաև պարտատոմսերի, այլ արժեթղթերի գնման ձևով.
բ) բանկի ակտիվների և պարտավորությունների կառուցվածքի փոփոխությունը, ինչպես նաև բանկի, որպես միասնական ամբողջության, կամ դրա մի մասի վաճառքը.
գ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը.
դ) բանկի վերակազմակերպումը.
ե) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:
4. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի ձևը, դրանում ներառվող պարտադիր այլ դրույթները սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` իր սահմանած կարգով:
6. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից: Կենտրոնական բանկը կարող է անվճարունակ բանկի համար սահմանել հիմնական և հատուկ տնտեսական նորմատիվների այլ սահմանաչափեր, հաշվարկման կարգ և հաշվարկում ընդգրկվող տարրերի կազմ:
(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն)