Հոդված 33. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 33. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Բանկի լուծարային կառավարիչը բանկի պարտատերերի պահանջներն առավելագույն չափով բավարարելու նպատակով իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում`
ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության և այլ պայմանագրերը: Լուծարային կառավարիչը չի կարող միակողմանիորեն լուծել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերը.
բ) կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ է սույն օրենքով իր վրա դրված պարտականություններն իրականացնելու համար.
գ) իր նշանակման պահից` երկամսյա ժամկետում, դատարան ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հայցադիմումները.
դ) հրապարակային սակարկություններով վաճառել բանկի միջոցները.
ե) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:
1.1. Լուծարային կառավարչի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
2. Լուծարային կառավարիչը, Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով, իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ է հրապարակում մամուլում:
3. Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան:
4. Դատարանն ու Կենտրոնական բանկը իրավունք ունեն լուծարային կառավարչից պահանջել ցանկացած տեղեկություն` նրա գործունեության վերաբերյալ:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ստուգման արդյունքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկ և դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված` լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան:
6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական.
բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում.
գ) տուգանք:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից:
(33-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-184-Ն)