Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 29 սեպտեմբերի 2015 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր և բանավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2015թ. մարտի 16-ին:

Պայմանագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 10.000.000 եվրո (տասը միլիոն եվրո) գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ)` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորելու համար:

Վարկի տոկոսադրույքը կարող է լինել հաստատագրված (ֆիքսված) կամ լողացող, որն ամրագրվելու է յուրաքանչյուր տրանշի համար առանձին:

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի (ԲԼՀՀ) կայանի կառուցում: Կայանի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ` մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Վարկային միջոցները տրամադրվելու են առավելագույնը տասնհինգ հերթական մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրն առնվազն հինգ հարյուր հազար եվրո գումարի չափով:

3. Պայմանագրով ստացված միջոցները Վարկառուն ենթավարկավորման համաձայնագրով, որի ձևն ու բովանդակությունը բավարարում են Բանկի պահանջները, ամբողջությամբ տրամադրելու է Օժանդակողին («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ)՝ որպես ենթավարկ (այսուհետ՝ Ենթավարկային համաձայնագիր):

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2015թ. երրորդ եռամսյակում, ավարտը` 2018թ. հուլիսին, իսկ Ծրագրի ընդհանուր արժեքը Բանկի գնահատմամբ կազմում է մոտ 106.700.000 եվրո (հարյուր վեց միլիոն յոթ հարյուր հազար եվրո):

4. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում առդիրները՝ Առդիր Ա. «Տեխնիկական նկարագիր», Առդիր Բ. «ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը», Առդիր Գ. «Վարկառուի կողմից լրացվող ձևեր», Առդիր Դ. «Վարկառուից ստացվող հավաստագրի ձև» և Հավելված I-ը:

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում Բանկին վճարել Ծրագրին առնչվող և Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար` 50 000 եվրո գումարի չափով, կամ ապահովել այդ վճարի կատարումը,

● յուրաքանչյուր տրանշ մարել մասնաբաժիններով` ըստ մասհանման առաջարկում սահմանված վճարման ամսաթվերի: Յուրաքանչյուր տրանշի մարման վերջին ամսաթիվը մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 28 (քսանութ) տարուց ոչ ուշ ընկած վճարման ամսաթիվն է,

● հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց վճարման ամսաթվերին վճարել հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած տրանշի մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման վճարման ամսաթվից,

● լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց վճարման ամսաթվերին վճարել լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած տրանշի մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման վճարման ամսաթվից,

● վճարել յուրաքանչյուր տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները եվրոյով,

● տեղեկացնել Բանկին, եթե առաջացել է կամ կարող է առաջանալ օրենքի կամ այլ կանոնակարգի փոփոխության դեպք, որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Ծրագրին առնչվող պարտավորությունների կատարման վրա,

● անհապաղ տեղեկացնել Բանկին կամ ապահովել, որպեսզի Օժանդակողն անհապաղ տեղեկացնի Բանկին Վարկառուի կողմից Օժանդակողի նկատմամբ հսկողության փոփոխության որևէ իրավիճակի մասին,

● Վարկի շրջանակներում ՀՀ փոխառած բոլոր գումարներն օգտագործել Ծրագրի իրականացման նպատակով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Օժանդակողը Ենթավարկային համաձայնագրով ստացած բոլոր գումարներն օգտագործի բացառապես Ծրագրի իրականացման նպատակով,

● երաշխավորել, որ Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք բերվեն, ծառայությունների մատուցումն ապահովվի և աշխատանքները պատվիրվեն միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգերի միջոցով,

● իրականացնել Ծրագիրը համաձայն Տեխնիկական նկարագրության, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ, ինչպես նաև երաշխավորել, որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում,

● Ծրագրի ընդհանուր ծախսը Պայմանագրում նշված գումարի չափը գերազանցելու դեպքում, առանց Բանկին դիմելու, հայթայթել միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար և Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտին հասցնելու նպատակով` հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացնելով Բանկին,

● ապահովել Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքի պահպանումը, կապիտալ վերանորոգումն ու թարմացումը՝ աշխատանքային լավ վիճակում պահպանելու համար,

● երաշխավորել, որ Օժանդակողը վարի հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր՝ գործող ՖՀՄՍ համաձայն,

● պարտավորվել և ապահովել, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի թույլատրել Բանկի, ինչպես նաև ԵՄ իրավասու մարմինների լիազորված անձանց՝

- այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքներ, շինություններ և աշխատանքային հրապարակներ, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման նպատակներից,

- ուսումնասիրել Վարկի և Ծրագրի կատարմանն առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող Գ. Հարությունյան

29 սեպտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1229

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։