Անցնել բովանդակությանը
Գլուխ 3.2 · ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հոդված 19.5. Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2020-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 19.5. Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

2. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում:

4. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ վերապահումով հավաստագրի) տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

5. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:

6. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով:

7. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե բուժաշխատողը չի ապահովել սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները:

8. ՇՄԶ հավաստագրի, այդ թվում` վերապահումով հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

9. Հավաստագրումն իրականացնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (ՄԳՀԱԿ): Այդ նպատակով ՄԳՀԱԿ-ում լիազոր մարմնի սահմանած կարգով ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

10. ՄԳՀԱԿ-ն ՇՄԶ հավաստագրումը կազմակերպելու համար իրականացնում է՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների գրանցումը.

2) առաջին անգամ մասնագիտական գործունեությունն սկսող բուժաշխատողների գրանցումը և հավաստագրի տրամադրումը.

3) ՇՄԶ կրեդիտների հիման վրա սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրի տրամադրումը.

4) ավագ և միջին բուժաշխատողների վերաբերյալ շտեմարանի վարումը, որտեղ առնվազն ներառվում է բուժաշխատողների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվություն:

11. Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի և վերապահումով հավաստագրի ձևերը և տրամադրման կարգը, շտեմարանի ձևավորման և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։