«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10615447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2015 թ. N 238-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 867-Ն որոշման 2-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ. Ղազարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Կարապետյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2015 թվականի նոյեմբերի 3-ի
N 238-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:
2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող մասնագետներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից:
4. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչը:
5. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվերակությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
6. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
11. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովի նախագահի համապատասխան հանձնարարական տալու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահն ընտրվում է նիստին մասնակցող անդամների կողմից՝ անդամներից մեկը: Հանձնաժողովի նախագահի ձայնը դառնում է վճռորոշ:
12. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր,
2) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
3) վարում է Հանձնաժողովի նիստերը,
4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի քարտուղարը`
1) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը,
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին,
4) ներկայացնում է Ծառայության պետին և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը,
5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՄՏԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստից առաջ Ծառայության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է`
1) նմուշի նշաթիվը,
2) արտադրանքի անվանումը և խմբաքանակը,
3) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո:
15. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-20.0C):
16. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20.0C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում:
17. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը:
18. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին համապատասխան համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակների և թքամանների առկայությունը:
19. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում:
20. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև N 1) և հանձնվում նիստը նախագահողին, որը հաշվարկում է դրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև N 2), որը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր մասնակից անդամները:
21. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում:
22. Նիստի արդյունքներն ամփոփվում և կազմվում է արձանագրություն, որում ներառվում են`
1) համտեսի անցկացման վայրը և ժամկետը,
2) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն),
3) համտեսի նպատակը,
4) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը,
5) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը,
6) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից ներկայացված առարկություններն և առաջարկությունները,
7) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ:
Ձև N 1
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ԹԵՐԹԻԿ
___ _______ 20 թ. N _______
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) _________________
Համտեսման վայրը __________________________________________________
Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման`
1. օրդինար (սովորական)` 3-5 տարեկան - 8.0 բալից ոչ պակաս.
2. հնացրած` 6-7 տարեկան - 8.4 բալից ոչ պակաս.
3. հնացրած բարձր որակի` 8-9 տարեկան - 8.7 բալից ոչ պակաս.
4. հին` 10-20 տարեկան - 9.0 բալից ոչ պակաս.
5. շատ հին` 20-ից ավելի տարեկան - 9.2 բալից ոչ պակաս:
Հ/հ Նմուշի
անվանումը
և/կամ
նշաթիվը Թնդու-թյունը Հնացման
տարիքը Կուպաժի կամ
խմբաքանակի քանակը
շիշ/հազ. դալ Գնահատվող ցուցանիշները Հատուկ
կարծիքը
Թափանցիկու-
թյունը` 0.1-0.5 Գույնը`
0.1-0.5 Փունջը`
1.0-3.0 Համը`
1.0-5.0 Տիպիկու-թյունը`
0.1-1.0 Ընդհանուր (ամփոփ) գնահատականը
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
Ստորագրություն ___________________________
Ձև N 2
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ
___ _______20 թ. N _______
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները:
Համտեսման վայրը ______________________ ժամկետը ____ ___________ 20 թ.
Հ/հ Հանձնաժողովի անդամներ Ծածկագրեր Ստորագրությունը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
Առարկություններ և առաջարկություններ ---------------------------------------------------------------------------------------------------------------
Եզրակացություն -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հանձնաժողովի նախագահ` --------------------------- ------------------------------------
ստորագրությունը անունը, ազգանունը
Հանձնաժողովի քարտուղար` -------------------------- ------------------------------------
ստորագրությունը անունը, ազգանունը