Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-28-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 34 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 155. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 155. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը

1. Կուսակցություններն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա: Դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կցվում են՝

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունը.

2) կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումը` Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին, ընտրական ցուցակը, որում նշվում են թեկնածուների՝

ա. ընտրական ցուցակում հերթական համարը,

բ. ազգանունը, անունը, հայրանունը,

գ. ծննդյան ամսաթիվը,

դ. հաշվառման վայրը,

ե. աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը),

զ. կուսակցական պատկանելությունը.

3) տեղեկանք՝ թեկնածուի՝ վերջին վեց ամսում Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին.

4) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:

Սույն մասի 3-րդ կետում նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.

6) նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

7) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Կուսակցության մշտապես գործող մարմնի որոշման մեջ (կուսակցությունների դաշինքի դեպքում` ընտրություններին մասնակցելու մասին դիմումում) նշվում են մինչև 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը):

Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Ընտրական ցուցակը գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:

Այդ ժամանակահատվածում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է ընտրական ցուցակից:

6. Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է:

Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

7. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա լինելու կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը:

(155-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։