Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը
Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.
2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը դադարելու դեպքում.
4) խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում.
5) ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու) դեպքում.
6) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.
9) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:
2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:
3. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է՝
1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) ծնողին կամ նրա լիազորած անձին վեց ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու դեպքում, եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարեցնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (խնամքի արձակուրդում գտնվելու) օրվանից: Բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում նոր հիմունքներով, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է խնամքի նպաստ:
5. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝
1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից.
2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ ներկայացված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վեց ամսվա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք՝ մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
7. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:
8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: