«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2002 թվականի N 1756-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1207-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել 2002 թվականի նոյեմբերի 18-23-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ զորակոչի ենթակա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի, 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1756-Ն որոշման
ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ
Մասնագիտությունը Թիվը
Բժիշկ-մասնագետ 25
Վիրաբույժ 14
Համաճարակաբան 4
Ատամնաբույժ 27
Ընդամենը 70
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան